Monday, October 8, 2012

Ադրբեջանը «Ստեփանակերտ» օդանավակայանի շահագործման հարցում սպառնալիքներից այն կողմ չի անցնի. Արտակ Զաքարյան

News.am. 8-10-2012- «Ստեփանակերտ» օդանավակայանի շահագործումը նոր միլիտարիստական հայտարարությունների առիթ դարձավ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից, սակայն այս երկրները հայտարարություններից այն կողմ չեն անցնի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից սպառնալիքները միայն բանավոր են եղել, իսկ պրակտիկ առումով այդ երկիրը ոչինչ չի ձեռնարկի: «Չեմ կարծում, որ պաշտոնական Բաքուն այդքան անհեռատես գտնվի, որպեսզի գործողությունների անցնի քաղաքացիական ավիցիայի դեմ, քանի որ հանդիսանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ»,-ասաց պատգամավորը: Դրանից զատ, ըստ Զաքարյանի, միջազգային հանրության համար անընդունելի են քաղաքացիական ավիացիայի հասցեին միլիտարիստական հայտարարությունները: «Եթե Բաքուն գնա գործուն քայլերի, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն»,-ընդգծեց նա: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պաշտոնապես գործարկվել է ԼՂՀ-ի «Ստեփանակերտ» օդանավակայանը:

No comments: