Monday, October 8, 2012

Հայց՝ ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի

1in.am. 8-10-2012- Ռուբեն Հայրապետյանի՝ Nouvelle d’Armenie ամսագրին տված հարցազրույցից հետո, որտեղ ուղղակի վիրավորանք և սպառնալիքներ էին հնչում «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամներ Հրանուշ Խառատյանի, Գարեգին Չուքասզյանի, ինչպես նաև «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի հասցեին, երկուշաբթի օրը Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրաջանների ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական հայց կներկայացվի նրա դեմ: «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամներ Հրանուշ Խառատյանը և Գարեգին Չուքասզյանը պատրաստել են դատարան ներկայացնելու բոլոր փաստաթղթերը, իսկ Դավիթ Սանասարյանը չի շտապում իր որոշման մասին տեղեկացնել, միայն ասում է՝ դրա մասին Ռուբեն Հայրապետյանը և մյուսները կիմանան երկուշաբթի օրը: Հրանուշ Խառատյանի խոսքով՝ քանի որ վիրավորանքն ու զրպարտությունն ունեն վաղեմության ժամկետ, փաստաբանը շտապեցնում է, որ ժամկետը չլրանա, իսկ ժամկետը լրանում է երկուշաբթի օրը: Հրանուշ Խառատյանը, սակայն, վստահ չէ, որ դատական հայցը նորմալ ընթացակարգեր կունենա: «Փաստաբանը կներկայացնի իր հիմնավորումները, սպասենք, տեսնենք՝ ինչ կասի մեր «արդարադատությունը», ըստ դրա էլ կերևան հաջորդ քայլերը»,- ասաց Հրանուշ Խառատյանը՝ հավելելով, որ եթե ընթացք տան, նախաքննություն կլինի, և Ռուբեն Հայրապետյանն իր զրպարտությունները հիմնավորող փաստարկներ կբերի: Հրանուշ Խառատյանը հիշեցրեց, թե հարցազրույցում առկա սպառնալիքների մասին մի շարք քաղաքական կառույցներ իրար հետևից ինչ հայտարարություններ տարածեցին, որ այդ մարդը վիրավորված մարդ է, վիրավորված բաներ է անում, ի՞նչ սպառնալիք կա այդտեղ: Մասնավորապես նա նշեց Հեղինե Բիշարյանի շատ ջերմ վրդովմունքը, թե ինչպես կարելի է դիտարկել որպես սպառնալիք, մարդը վիրավորված է: Նա նաև նշեց, որ հարցազրույցից հետո մինչ այս պահը Ռուբեն Հայրապետյանի կողմից որևէ սպառնալիք չի եղել: Հրանուշ Խառատյանը խիստ կասկածներ ունի երկրում արդարադատության վերաբերյալ, նրա համար պարզ չէ, թե ինչ են հասկանում իշխանությունները «արդարադատություն» բառի տակ: «Երբ ես լսում էի դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած կարծիքը ԱԺ-ում Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, մեր դատախազն ասում էր Հանթսմանի բարի համբավը կասկածի տակ դրվեց Օսկանյանի հետ կապվա՞ծ, մինչև հիմա մտածում եմ՝ նրա բարի համբավի շուրջ ինչ է եղել: Կարծում եմ՝ այդտեղ որևէ տրամաբանություն չկար»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

No comments: