Thursday, October 4, 2012

Հայաստանը դատարկող Ռուսիո խողովակը

«Լրագիր» 3-10-2012- «Այն ձեւով եւ ֆորմատով, որ մյուս հանրապետություններում իրականացվում է «Հայրենակիցներ» ծրագիրը, մեզ համար ընդունելի չէ: Այդ դիրքորոշումը հայտնի է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը, եւ լիահույս ենք, որ ՀՀ –ում այդ ֆորմատը չի գործի», խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ի պատասխան պատգամավոր Ալիկ Արզումանյանի մտահոգության: ՌԴ «Հայրենակիցներ» ծրագիրն իրականացվում է արդեն տարիներ շարունակ: Այդ ծրագրով, Ռուսաստանը քաղաքացիություն, աշխատանք, բնակության վայր է հատկացնում դիմողներին: Տարիների ընթացքում, Հայաստանի մի քանի հազար քաղաքացի իրենց ընտանիքներով օգտվել են այդ ծրագրից, գնացել են Ռուսաստան եւ հանդիսանում են ՌԴ քաղաքացի: Այլ կերպ ասած, Ռուսաստանի այդ ծրագիրը բավական շահեկան պայմաններով հանդիսանում է Հայաստանը դատարկող խողովակներից մեկը: Հայաստանի կառավարությունն ամիսներ առաջ մտահոգություն հայտնել էր այդ մասով, բայց կարծես թե առաջին անգամ է, որ վարչապետի մակարդակով հստակ հնչում է ծրագրի անընդունելիության մասին: Դա ողջունելի է: Եթե Հայաստանի իշխանությունը համարձակություն է գտնում դեմ արտահայտվել Ռուսաստանի այդ ծրագրին, ապա այստեղ իհարկե իշխանությանը պետք է քաջալերել: Բայց, պատկերը կարծես թե կիսատ է: Վարչապետը, հայտնելով անընդունելիության մասին, հայտարարում է, որ «լիահույս են, որ ծրագիրը այդ ֆորմատով Հայաստանում չի գործի»: Այսինքն, ծրագիրը Հայաստանի համար շահեկան չէ, Հայաստանը դեմ է ծրագրին, բայց որոշում պետք է կայացնի Ռուսաստա՞նը: Վարչապետի հայտարարությունը դա է նշանակում, այլապես Հայաստանը ոչ թե լիահույս կլիներ, որ ծրագիրը չի գործի, այլ պարզապես կհայտարարեր՝ ծրագիրը չի գործում Հայաստանում: Միեւնույն ժամանակ, հասկանալի է, որ այստեղ Հայաստանի համար խնդիրը լուրջ է: ՌԴ նախագահ Պուտինը մի քանի ամիս առաջ ՌԴ դիվանագիտական կորպուսին ներկայացնելով երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, առանցքում դրեց հետխորհրդային ինտեգրացիայի հարցը: Այդ թվում, Պուտինը առաջնայիններից մեկը դիտարկեց այն, որ պետք է ընդլայնել հետխորհրդային տարածքում ծնված մարդկանց Ռուսաստանի քաղաքացի դառնալու հնարավորությունը, դյուրացված կարգ սահմանել դրա համար: Այսինքն, եթե Հայաստանում որեւէ մեկը, ով ծնվել է ԽՍՀՄ տարիներին, կամենում է դառնալ ՌԴ քաղաքացի, ապա նրա համար ՌԴ-ն ստեղծելու է առավել դյուրին պայմաններ: Փաստացի ստացվում է, որ Ռուսաստանի իշխանության մոտեցումն ու շահը միգրացիոն այդ հարցում տրամագծորեն հակառակ է Հայաստանի շահին: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի համար շատ դժվար կլինի Պուտինին համոզել, որ Հայաստանում դադարեցնի «Հայրենակիցներ» ծրագիրը: Մինչդեռ պարզ է, որ այդ ծրագիրը Հայաստանի անվտանգությանը սպառնացող ծրագրերից է: Պատկերացնել կարելի է, թե որքան է դա մտահոգիչ, որ իշխանությունն անգամ ընդունում է այն եւ հայտնում դրան դեմ լինելու մասին: Իսկ եթե Ռուսաստանը չհամաձայնվի՞: Ի՞նչ է անելու Հայաստանի իշխանությունը: Կամ, ի՞նչ է առաջարկելու Հայաստանը Ռուսաստանին դրա դիմաց: Այդ առաջարկը գաղտնի՞ է լինելու, թե հրապարակային: Կրելու է քաղաքակա՞ն, տնտեսակա՞ն, թե հումանիտար բնույթ: Բոլոր դեպքերում, ողջունելի լինելով հանդերձ, որ վարչապետի մակարդակով Հայաստանն այդուհանդերձ կարողանում է դեմ արտահայտվել իր պետական շահից չբխող այդ ծրագրին, ինչը խոշոր հաշվով հայ-ռուսական հարաբերության առումով համարձակության եզակի դրսեւորում է հայկական կողմում, այդուհանդերձ իրավիճակը վկայում է թերեւս այն խորը փոսի մասին, որում հայտնվել է Հայաստանը: Ստացվում է բավական պարադոքսալ, աբսուրդ մի իրավիճակ, երբ մեկ այլ երկրի ինչ որ ծրագիր դեմ է մեր երկրի շահին, բայց այդ ծրագրից ազատվելու համար մեր երկիրը պետք է ինչ որ բան վճարի: Իսկ որ հետխորհրդային ինտեգրացիան առաջնահերթություն հռչակած Ռուսաստանը հենց այնպես չի հրաժարվի Հայաստանի դատարկմանը նպաստող այդ ծրագրից, թերեւս աներկբա է: Այդպիսով, Հայաստանը հերթական անգամ կանգնում է մի փաստի առաջ, թե ինչպես է պետականության ռեսուրսը մսխվել երկու տասնամյակի ընթացքում այնպես, որ երկիրն այսօր չունի իր իսկ տարածքում իր համար միարժեք բացասական երեւույթը միանձնյա որոշմամբ դադարեցնելու հնարավորություն: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: