Saturday, October 6, 2012

Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ, ՄԵՆՔ Ո՞ՒՐ

“Հայաստան” լրատու ցանց, Աթենք, 04.10.2012: Էրդողան-Դավութօղլու զույգի քաղաքականության արդյունքում՝ Թուրքիայի ազդեցությունը, ինչպես «Արդարություն և զարգացում» կուսակցության վերջին համաժողովում կրկին հավակնեց Էրդողանը, օրինակելի դառնալով իսլամական երկրների համար՝ ընդարձակվո՞ւմ է, թե՞ ընդհակառակը՝ Թուրքիան իր տարածաշրջանային քաղաքականության լուրջ ձախողության արդյունքում, քայքայման ռիսկի առջև է կանգնում: Էրդողանը հետդարձի բոլոր կամուրջները այրելուց հետո, Սիրիայի մոլեխաղում այսօր միայնակ է մնացել: Սաուդական Արաբիայի և Կատարի հակասիրիական վարչակարգի բոցավառ հայտարարությունները չեն անցնում Թուրքիային ու նրա հովանավորած սիրիական ընդիմադիր խմբերին ֆինանսական օժանդակություններ տրամադրելու սահմանից: Իսկ արևմուտքից ակնկալվող նեցուկը, Էրդողանի օգնական՝ փոխվարչապետ Բուլենթ Արընչի բնորոշմամբ` «չանցան Անջելինա Ջոլիի այցելությունից այն կողմ»: Արընչի հայտարարությունը Էրդողանի տարածաշրջանային մեծամտական քաղաքական հավակնությունների ձախողման մասին, Թուրքիայի ներկա վարչախմբի ապրած հիսթափության ամենաբացահայտ խոստովանությունը կարելի է համարել: Փաստորեն Թուրքիան ապացուցում է նաև, որ տարածաշրջանային հարցերում անկարող է ինքնուրույն որևէ հարց տնօրինել: Հետևաբար, Էրդողան-Դավութօղլու զույգը, սպասելով նոր զարգացումների, իր տարածաշրջանային քաղաքականության մեջ, սու ու փուս շրջադարձային փոփոխություն է կատարում: Նկատելով և կանխատեսելով Անկարայի վարած քաղաքականության ներկա փակուղին, Իրաքի կենտրոնական իշխանությունը անմիջապես փակման որոշում տվեց 90-ական թվականներից Իրաքի հյուսիսում տեղակայված թուրքական ռազմական խարիսխը, որն օժտված էր նաև օդանավակայանով, ի դեպ դիվանագիտական աղբյուրների վկայությամբ, Բաշար Ասադը սպառնացել է , որ եթե Անկարան չընդհատի իր միջամտությունը Սիրիայի նեքին հարցերում, «ամեն մի քրդի զինելու է «կոռնետ» (9M133 Kornet) հակատանկային հրթիռով»: Այս հրթիռների մասին չեն կարող չհիշել թուրքերը՝ Իսրայել-Հըզբալլա 33 օրյա հակամարտության օրերից: Ահա և այդ ենթատեկստում է առավել հասկանալի դառնում, “Սիրիայի ազատ բանակ”-ի կենտրոնը Թուքիայից Սիրիա փոխադրելու մասին հրապարակային, թեկուզ և բոլորովին սուտ թուրքական կողմի հայտարարությունները՝ «ահաբեկիչ» որակած քուրդ կալանավոր ղեկավար՝ Օջալանի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին Էրդողանի հայտարարությունը, Իրանի և Եգիպտոսի կողքին «տարածաշրջանային կոնտակտային խմբի հետ համագործակցելու» Թուրքիայի պատրաստակամությունը, վկայում են նշված նոր զարգացումների և հարաբերակցությունների մասի, որին շուտով հետևելու է Պուտինի Թուքիա այցելությունը, Էրդողանի ՌԴ կատարած այցելությունից բոլորովին տարբեր մթնոլորտում: Հարափոփոխ և սրընթաց զարգացող պայմաններում, ու՞ր ենք մենք, ի՞նչ ենք նախատեսում և ինչպե՞ս ենք պատրաստվում մեր անվտանգության, իրավունքների և ընդհանրապես ռազմավարական հարցերի կապակցությամբ: Ստույգ տեղեկությունների համաձայն, ՀՀ պետական հետազոտական կենտրոնները բոլորովին զգոն և հետևողական աշխատանք են կատարում: Նրանք խոշորացույցի տակ առնելով զարգացումները, վերլուծում, աստիճանակարգում և նախատեսում են իրերի զարգացման հարափոփոխ ընթացքը: Հետզազոտական կենտրոնների հակառակ, ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչությունը, գրեթե գոյություն չունի, կամ նման տպավորություն է թողնում: Այդ կառույցը բոլորովին անկարող է ՀՀ արտաքին քաղաքականության ծանր բեռը ստանձնելու, հավանական զարգացումների հետ քայլ պահելու, մանավանդ երբ տարածաշրջանային քաղաքական քարտեզային փոփոխությունների լուրջ հավանականությունը նույնիսկ չի կարելի անհավանական նկատել: Ըստ իր իսկ բացահայտ հայտարարումներին, ՀՀ ԱԳՆ-ը միամտաբար շարունակում է ապրել 2010 թ.-ում ու դեռ շարունակում է հավատարմություն հայտնել, վաղամեռիկ սկանդալային «պրոտոկոլներին» և հպարտանում իր ցուցաբերած հնազանդության համար, այդ ենթարկությունը անվանելով՝ քաղաքական «լավ իմիջ», ինչը ավելի շուտ քաղաքական դատարկություն է նշանակում: Չեն գիտակցում, կամ այդպես են ձևանում, որ աշխարհում շարունակում է գործել բնության օրենքը, ուր գայլին հարգում, իսկ ոչխարին մորթում են: Բնականաբար, անարդար կլինի, այս գծով ամբողջական և միակ պատասխանատու համարել ՀՀ ԱԳՆ, երբ ՀՀ համընդհանուր քաղաքական մթնոլորտը, իշխանությունն ու ընդդիմության մեծ մասը, ՀՀ ազգային ժողովը, ՀՀ դատական համակարգը… զբաղված են, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի ամենակենսական հարցերի հետ բոլորովին չաղերսվող թեմաներով: Ներկա պահին, կարող ենք միմիայն հուսալ, որ այս բոլորը՝ կործանարար հետևանքներ չեն ունենա ՀՀ անվտանգության և ՊՆ համակարգի հիմնական առաքելության և գործունեության և ի գին մեծ զոհողությունների նվաճած հաջողությունների վրա:

No comments: