Saturday, October 20, 2012

ՄԱԿ-ը դատապարտել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունը

«1in.am», 20.10.2012: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Անվտանգության խորհուրդը դատապարտել են Բեյրութում տեղի ունեցած պայթյունը` կոչ անելով հետաքննել այս ահաբեկչությունն ու պատժել մեղավորներին: Ականապատ ավտոմեքենան ուրբաթ օրը պայթել է Սասին հրապարակի մոտ: Ահաբեկչության հետևանքով 3 մարդ է մահացել, այդ թվում` Լիբանանի հատուկ ծառայություններից մեկի ղեկավար` գեներալ Վիսամ Ալ-Հասանը: Ավելի քան 80 մարդ վնասվածք է ստացել: ՄԱԿ-ի մամլո ծառայությունը մեջբերում է Պան Գի Մունի խոսքերը. «Տարածաշրջանային անկայունության ժամանակ չափազանց կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն և զսպվածություն` Լիբանանում խաղաղության և կայունության պահպանման համար»: Անվտանգության խորհուրդը խոստացել է աջակցել Լիբանանին այս ահաբեկչության կազմակերպիչներին և իրագործողներին պատասխանատվության ենթարկելու գործում: Լիբանանի դիտորդները պայթյունը կապում են հարևան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ կես տարուց ավելի շարունակվում է հակամարտությունը, որին, ՄԱԿ-ի տվյալներով, զոհ է գնացել ավելի քան 30 000 մարդ: Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին Սիրիայի իշխանություններին մեղադրել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի համար և Բաշար Ասադին մեղադրել է Ալ-Հասանի սպանության մեջ: Reuters գործակալության տվյալներով` Լիբանանի ընդդիմադիր «Մարտի 14-ի կոալիցիա»-ն հայտարարել է, որ ահաբեկչության պատասխանատվությունը երկրի կառավարության և անձնապես վարչապետ Նաջիբ Միկատիի վրա է, և պահանջել է վարչապետի հրաժարականը:

No comments: