Saturday, October 20, 2012

Սերգեյ Մինասյան. Ի տարբերություն Վրաստանի՝ հայաստանյան ներքաղաքական դաշտը բևեռացված չէ

«Panorama.am», 20.10.2012: Վրաստանում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակի և հետագա զարգացումների մասին Panorama.am-ի զրույցը «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ: -Վերջին տարիներին Վրաստանը տարածաշրջանային առումով ձեռք է բերել արագ զարգացող և ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում մեծ հաջողություններ գրանցած պետության համբավ: Այդ հաջողությունները սովորաբար նույնացվել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և նրա ղեկավարած քաղաքական ուժի հետ, որը, սակայն, պարտություն կրեց խորհրդարանական ընտրություններում: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ: - Շատ վրացի փորձագետներ և Վրաստանում իրականացվող քաղաքականության մեջ գործնականում ներգրավված մարդիկ նշում են, որ Վրաստանում սկիզբ առած բարեփոխումները իրականում ավարտվեցին 2007թ.-ին, դեռ մինչև պատերազմը: Դրանից հետո Վրաստանի մասին այն պատկերացումները, որ ձևավորվում էին Վրաստանից դուրս, ինչպես նաև Հայաստանում, իրականում ուղղակի փիառ էր: Շատ զարմանալի է, որ Հայաստանը լինելով աշխարհագրորեն մոտ Վրաստանին, հայ հասարակության պատկերացումները Վրաստանի մասին հիմնված են որոշ միֆերի և կարծրատիպերի վրա, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են հասարակ վրացի քաղաքացու պատկերացումներին: Չմոռանանք, որ 2007թ.-ի նոյեմբերին Սահակաշվիլու գլխավորությամբ վրացական իշխանությունները ընդդիմության նկատմամբ բռնի ուժ էին կիրառել, և այդ պատճառով Սահակաշվիլին ստիպված էր 2008թ.-ի հունվարին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այսինքն՝ դեռ այդ ժամանակ գոյություն ունեին ներքաղաքական լուրջ խնդիրներ: Բացի այդ, Սահակաշվիլին, 2008թ.-ի օգոստոսյան հնգօրյա պատերազմը սկսելով ու պարտվելով, արդյունքում կորցնելով Հվ. Օսեթիայի և Աբխազիայի չճանաչված հանրապետությունների տարածքն ու տեսանելի ապագայում այն վերադարձնելու հույսերը, որպես փոխհատուցում ստացավ 4.5-5 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակություն: Այդ օգնությունը հնարավորություն տվեց մինչև 2009թ.-ի վերջը իրականացնել այն ծրագրերը, որոնք զարմացնում են թե հայաստանցիներիս, թե ռուսաստանցիներին և թե արևմտյան դիտորդներին: Սակայն իրողությունը մի փոքր այլ էր. իրողությունն այն էր, որ Սահակաշվիլին և իր թիմը փորձեցին շատ արագ արդիականացնել Վրաստանը, բայց այն պահին, երբ արդեն այդ փորձերն այլևս չէին շարունակվում, սկսեցին օգտագործել փիառը: Իսկ փիառը, կարելի է ասել, այն ոչ կոնվենցիոնալ ուժն էր, որը Սահակաշվիլին շատ արդյունավետ օգտագործում էր: Բայց սոցիալ-տնտեսական դժվարությունները և ներքաղաքական լուրջ խնդիրները նկատող մարդիկ գիտակցում էին, որ փիառը չի կարող մշտապես փոխարինել իրական քաղաքականությանը, և արդյունքում ստեղծվեց այն իրավիճակը, որին ականատես եղանք Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո: Իհարկե, ընտրությունների միջոցով իշխանափոխությունը ժողովրդավարության իմաստով բավական դրական գործընթաց է, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական հետևանքներ կունենա այդ գործընթացը: -Ընտրություններում հաղթելուց հետո «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը դարձել է իշխանություն և ձևավորում է կառավարություն, իսկ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը փաստացի դարձել է ընդդիմություն: Այս պարագայում ո՞ր քաղաքական ուժն է իրականում որոշիչ դեր խաղալու Վրաստանի քաղաքական համակարգում: -Վրաստանում այս անսպասելի քաղաքական զարգացումների արդյունքում քաղաքական պրակտիկան և սահմանադրա-իրավական համակարգը բախվել են միմյանց, և սահմանադրական փոփոխություններից հետո առաջացած այդ բախումը հավանաբար կհարթվի հետագա քաղաքական որոշումներով: Վրաստանում այսօր գործող սահմանադրությունը կազմվել և ընդունվել է Սահակաշվիլիի օրոք, ով, որքան հնարավոր է, փորձել էր այնպես անել, որ թեև վարչապետին ավելի մեծ լիազորություններ են փոխանցվելու, ամենավատ սցենարի դեպքում իսկ հնարավոր լինի պահպանել նախագահի որոշ իշխանական լծակներն ու վերահսկողությունը` չնայած չեմ կարծում, որ նա սպասում էր, թե նման զարգացումներ կարող են լինել: Քանի որ այս պայմաններում հասկանալի է, որ ողջ գործադիր իշխանությունը փոխանցվում է նախկին ընդդիմությանը, ապա Սահակաշվիլին ֆորմալ առումով անգլիական թագուհու դեր է ստանձնում: Սակայն Սահակաշվիլին ունի մի ռեսուրս: Իվանիշվիլիի գլխավորած դաշինքը կազմված է ամենատարբեր քաղաքական ուժերից, և եթե Սահակաշվիլուն հաջողվի մոբիլիզացնել սեփական կուսակցության մնացորդները մինչև 2013թ.-ի նախագահական ընտրություններ, իսկ այդ ընթացքում Իվանիշվիլիի քաղաքական իմիջը կրի որոշակի փոփոխություններ և գուցե կախված քաղաքական զարգացումներից` կորցնի դաշինքի անդամ տարբեր քաղաքական ուժերի աջակցությունը, ապա կարող են շատ հետաքրքիր զարգացումներ լինել: Բայց մինչ այդ հարկ է հաշվի առնել այն իրողությունը, որ Իվանիշվիլին է ձևավորում կառավարությունը, ուստի այն իրավասությունների շրջանակներում, որոնք պատկանում են Իվանիշվիլիի դաշինքին, ինչպիսիք են, օրինակ արտաքին գործերի և պաշտպանության ոլորտները, Հայաստանը և մնացած բոլոր պետությունները բնականաբար գործ են ունենալու Իվանիշվիլիի ղեկավարած քաղաքական ուժի հետ: Այս առումով կարծում եմ, որ բավականին հետաքրքիր զարգացումներ կարող են լինել հայ-վրացական հարաբերություններում: Վրաստանի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Հայաստանի իշխանությունները բավականին զգուշավոր վերաբերմունք ձևավորեցին այս հարցում: Հայաստանում Իվանիշվիլիի կողմնակիցները, հատկապես ջավախքցի կողմնակիցները, փորձում էին որոշ ակցիաներ անել` ի պաշտպանություն Իվանիշվիլիի, և Հայաստանի իշխանությունները որևէ կտրուկ գործողություններ չիրականացրին նրանց դեմ` չնայած Վրաստանի դեսպանատան աշխատակիցները պահանջում էին դա անել: Դա բավական խելամիտ մոտեցում էր հայկական իշխանությունների կողմից, քանի որ ներկայումս փաստացի այդ մարդիկ ներկայացնում են Վրաստանի իշխանություններին: -Որոշ վերլուծաբաններ Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները և ներքաղաքական իրողությունները համեմատում են հայաստանյան իրողությունների հետ և ենթադրում, որ նման զարգացումներ կարող են տեղի ունենալ նաև Հայաստանում: Ըստ Ձեզ, որքանո՞վ են համարժեք նման համեմատությունները: -Թեև հետաքրքիր է համեմատություններ անցկացնելը, սակայն ուղղակի անալոգիաներ գտնելը մի փոքր դժվար է: Սահակաշվիլին, կարելի է ասել, գրեթե «ոչնչացրել» էր ողջ ընդդիմադիր դաշտը: Ուժային, ոստիկանական ապարատի գործունեության արդյունքում վախի մթնոլորտն այնքան ուժեղ էր, որ իրականում ոչ մի լուրջ ընդդիմություն գոյություն չուներ: Սակայն բացառություն դարձավ Բիձինա Իվանիշվիլին: Վրաստանի ամենահարուստ մարդուն «ոչնչացնելու» հարցում Սահակաշվիլիի ուժերը չբավականացրին: Ինչպես հիշում եք, դեռևս նախընտրական շրջանում Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ կիրառվեցին միլիոնների հասնող տուգանքներ, սակայն դրանք արդյունք չտվեցին: Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2011թ.-ի հոկտեմբեր ամսին, երբ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ մտնում է ակտիվ քաղաքականություն, ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ միավորվեց նրա շուրջ: Չկար որևէ այլ բևեռ, որը պատրաստ էր դառնալ այլընտրանքային, այսպես ասած երրորդ ուժ: Վրացական իշխանությունը փորձեց արհեստականորեն ձևավորել երրորդ ուժ, սակայն չստացվեց: Հետևաբար ստեղծվեց մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտը սև ու սպիտակ պատկեր էր ներկայացնում՝ կար իշխանություն և ընդդիմություն: Այդ բևեռացումն այնքան հստակ էր, որ բացասական տրամադրված ընտրազանգվածին մոբիլիզացնելը շատ հեշտ էր: Պատկերավոր ասած՝ պարտադիր չէ, որ դու սատարես Իվանիշվիլիին, սակայն դեմ լինելով Սահակաշվիլիին` դու ինքնին կողմ ես ըննդդիմությանն ու սատարում ես նրան: Հետևաբար Վրաստանում ստացվեց այն, ինչը, օրինակ, Հայաստանի պարագայում բավական դժվար կլինի իրականացնել: Հայաստանում ներքաղաքական պատկերն այնքան էլ սև ու սպիտակ չէ: Ի տարբերություն Վրաստանի՝ հայաստանյան ներքաղաքական դաշտը բևեռացված չէ: - Նշեցիք, որ Վրաստանում հետաքրքիր քաղաքական զարգացումներ կարող են լինել: Ի՞նչ հավանական զարգացումներ կարելի է կանխատեսել: -Վրաստանում բոլորը ենթադրում են, որ ներքաղաքական կյանքում կարող են խնդիրներ առաջանալ` ելնելով նրանից, որ Սահակաշվիլիի թիմը, նախարարների քանակն ու նրանց կուսակցական պատկանելիության հարաբերակցությունն այնպիսին է, որ Իվանիշվիլիի համար բավական դժվար կլինի այդ տարբեր մարդկանց տարբեր մոտեցումները համատեղել: Արդեն նախկին ընդդիմադիր, իսկ այժմ իշխող դաշինքի անդամ տարբեր կուսակցություններին միավորել է միայն Սահակաշվիլիի դեմ ընդհանուր թշնամանքը, մնացած հարցերում հավանական են լուրջ տարաձայնություններ: Գլխավոր զարգացումները, որոնց անհամբեր սպասում են և Վրաստանում, և Վրաստանից դուրս, թե ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան ռուս-վրացական հարաբերություններում: Չնայած իր սահմանափակ ազդեցությանը՝ ռուս-վրացական հարաբերությունների գործոնը կանդրադառնա Վրաստանի և այլ պետությունների միջև հարաբերությունների, ինչու չէ նաև հայ-վրացական հարաբերությունների վրա: Կարծում եմ, որ ընդհանրապես Վրաստանում առկա վախի մթնոլորտը կթուլանա, եթե իհարկե այդ իշխանափոխությունը չհանգեցնի վրեժխնդրության գործընթացների: Ենթադրում եմ, որ սոցիալ-տնտեսական ոլորտում Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած քաղաքական ուժը կարող է լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ բոլորը սպասում են, որ վաղը նա աշխատավարձներ կբարձրացնի և այլն: Իհարկե, դա միանգամից տեղի չի ունենա և որոշ հիասթափություն կառաջացնի հասարակության մեջ, սակայն մյուս կողմից շատ բան կախված կլինի նրանից, թե արտաքին քաղաքականության և քաղաքական համակարգում խաղի նոր կանոնների ձևավորման հարցերում Իվանիշվիլին հաջողություններ կունենա, թե ոչ: Եթե հաջողություններ ունենա այդ հարցերում, ապա հնարավոր է միաժամանակ երկու զուգահեռ գործընթացներ լինեն, այսինքն հասարակությունը իր սոցիալ-տնտեսական ակնկալիքներում որոշ հիասթափություն կունենա, սակայն քաղաքական և տնտեսական էլիտայի, Սահակաշվիլիի կուսակցության մի մասը կանցնի Իվանիշվիլիի դաշինքի կողմը: Սակայն, ընդհանուր առմամբ, դեռևս վաղ է հստակ գնահատականներ տալ, հետագայում մենք բավական նյութ կունենանք վերլուծելու հնարավոր զարգացումները: - Ինչպե՞ս կզարգանան հայ-վրացական հարաբերությունները և ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել Ջավախքի հարցում: -Ընտրություններից հետո ազատականցված ներքաղաքական դաշտը որոշ հնարավորություններ կստեղծի Ջավախքի համար: Վրաստանում բոլոր մակարդակներով տեղի կունենան բավական լուրջ կադրային փոփոխություններ, և կարծում եմ՝ նույնը մենք կտեսնենք նաև Ջավախքում: Վերջերս, Ջավախքում Բիձինա Իվանիշվիլիի շտաբի ներկայացուցիչ Մելիք Ռաիսյանը, ում նկատմամբ այդ քաղաքական զարգացումների ընթացքում գործ էր հարուցվել, և հավանաբար շուտով կվերադառնա Ջավախք ու կշարունակի իր գործունեությունը, իր հարցազրույցում նշել էր, որ Իվանիշվիլիի ու նրա թիմի հետ կան պայմանավորվածություններ, որ Ջավախքի հարցում կենտրոնական իշխանության քաղաքականության մեջ կլինեն որոշ փոփոխություններ՝ կապված տեղական ինքնակառավարման հարցում ավելի շոշափելի հնարավորություններ ունենալու հետ: Արդյո՞ք դա կդառնա իրականություն, հետագա զարգացումները ցույց կտան, սակայն ստեղծված նոր քաղաքական իրավիճակը նոր սպասելիքներ ու ակնկալիքներ է առաջ բերել ինչպես ողջ Վրաստանում, այնպես էլ Ջավախքում: Բիձինա Իվանիշվիլիի դաշինքի ներկայացուցիչները, մասնավորապես Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամները, բավական լիբերալ մոտեցումներ ունեն Ջավախքի հարցում՝ որքանով դա հնարավոր է, քանի որ Վրաստանում միշտ առկա են վախի կարծատիպեր ազգային փոքրամասնությունների հանդեպ: Սակայն հայերի հանդեպ վերաբերմունքը մի փոքր այլ է, քանի որ, ի տարբերություն այլ ազգային փոքրամասնությունների, վրացիները միայն հայերին են, այսպես ասած, նույն «քաշային կարգում» դիտարկում: Հայերին համարում են նաև մրցակից ինչպես Վրաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում: Այդ վերաբերմունքը հասարական կարծրատիպերի մակարդակով է ի հայտ գալիս: Սակայն, մյուս կողմից, ընտրություններից հետո Վրաստանում հասարակական-քաղաքական մթնոլորտն ավելի կմեղմանա, որը կարող է դրական անդրադառնալ Ջավախքի հարցում: Կարծում եմ նաև, որ հայկական այն քաղաքական ուժերը, որոնք սատարում էին Իվանիշվիլիի դաշինքին, հնարավորություն կունենան որոշ քաղաքական գործունեություն վերսկսել Ջավախքում, և այդ դեպքում Վրաստանն ավելի կշահի: Եթե հաջողվի Ջավախքում հայ-վրացական հարաբերությունները կարգավորել այնպես, որ դրանք օրինակելի լինեն, դառնան էտալոն, ապա այդ իրողությունը կարող է դրական անդրադառնալ այն նոր քաղաքականության վրա, որ Վրաստանը փորձում է վարել Հվ. Օսեթիայի և Աբխազիայի հանդեպ: Այսինքն ոչ թե գնալ խնդրի ուժային լուծման ճանապարհով, այլ ցույց տալ, որ Վրաստանում ազգային փոքրամասնություններն այն կարգավիճակն ունեն, որ կարող է գայթակղիչ լինել նաև օսեթների ու աբխազների համար:

No comments: