Monday, October 8, 2012

Թուրքերը շարունակում են պատմական Անին որպես արոտավայր օգտագործել

News.am. 8-10-2012- Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայաստանի պատմական մայրաքաղաքներից Անին շարունակվում է մնալ հարեւանությամբ գտնվող Օջաքլը գյուղի արոտավայրերից մեկը։ Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝ Անիում անվտանգության 4 աշխատակիցներն ու 78 հեկտար տարածքը շրջապատող 4,5 կմ երկարությամբ ցանկապատը չեն կարողանում արգելք հանդիսանալ հարեւանությամբ գտնվող գյուղի անասնապահների դեմ։ Թուրքիայի Կարսի նահանգի մշակույթի եւ տուրիզմի վարչության տնօրեն Հաքան Դողանայը նշել է, թե բազմիցս զգուշացրել է գյուղացիներին, որ Անին պատմական վայր է եւ անասուններ արածեցնելն արգելված է։ Նա շեշտել է, թե գյուղացիներին բացատրել է, որ Անիրում տուրիզմի զարգացման համար բազմաթիվ ծրագրեր են մշակվում, որոնք կօգնեն Օջաքլը գյուղի բնակիչներին գումար աշխատել։ Գյուղի բնակիչներն արդարացել են, թե այս տարի չորային եղանակ է եւ կերի հայթաթման համար են անասուններին մտցրել Անիի տարածք։ Բնակիչները պնդել են, թե իրենք տեր են կանգնում Անիի ավերակներին։ Նշենք, որ Օջաքլը գյուղի անասնապահները մշտապես Անին օգտագործում են որպես արոտավայր եւ այս տարին նորություն չէ։ Ավելին, Օջաքլը գյուղի տները, գոմերը, փողոցները եզերող պարիսպները կառուցված են Անիի պատմական շինություններից գողացված քարերով։

No comments: