Saturday, October 6, 2012

Իսկ եթե հարկ լինի դիմել ՆԱՏՕ-ի՞ն

«Լրագիր» 5-10-2012- Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ իշխանությունները մտադիր չեն երկրի տարածքում ոչ ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական օբյեկտներ տեղակայել: Այս մասին փոխնախարարն ասել է խորհրդարանում քննարկումների ժամանակ, որն որը վավերացրել է ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածնքերի օբյեկտների տեղակայման մասին արձանագրությունը: Արձանագրության համաձայն, ՀԱՊԿ անդամներն իրենց տարածքում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների զորքեր տեղակայելու որոշումը պետք է ընդունեն ՀԱՊԿ մյուս անդամ-պետությունների հետ անհապաղ խորհրդակցությունից եւ պաշտոնական առարկությունների բացակայությունից հետո: Փաստաթղթին կողմ է քվեարկել 70, դեմ՝ 5 պատգամավոր, 2-ն էլ ձեռնպահ են մնացել: Ավելի վաղ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը հայտարարել է, որ արձնագրությունը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ նվաստացուցիչ է իր էությամբ: Սակայն մեռյալ խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս ՀՀԿ եւ ՕԵԿ-ի, կողմ է քվեարկել այդ նվաստացուցիչ որոշմանը: Շավարշ Քոչարյանն ասում է, որ իշխանությունները մտադիր չեն այլ երկրների ուժեր տեղակայել Հայաստանում: Ժամանակային ի՞նչ կտրվածքով է խոսում փոխնախարարը: Վերջիվերջո, երկրի իշխանությունները հայտարարում են Հայաստանի եվրոպական կողմնորոշման մասին, արագացնում են եվրաինտեգրման գործընթացը, չեն հրաժարվում ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերություններից: Մի՞թե ակնհայտ չէ, որ ինչ-որ պահի այդ կուրսը կհասնի սահմանին, որից այն կողմ հարկ է լինելու մտածել ՆԱՏՕ-ի հեռ առավել ինտեգրված հարաբերությունների եւ նույնիսկ ռուսական բազայի դուրսբերման մասին: Եթե իշխանությունները հստակ գիտեն, որ Հայաստանում ոչ մի «օտար» ռազմական օբյեկտ չի լինելու, նշանակում է, որ պրոեվրոպական կուրսի այս ողջ պատմությունը ձեւականություն է եւ նախընտրական քայլ: Սերժ Սարգսյանի քաղտեխնոլոգներին հայտնի է, որ եվրոպական հռետորաբանությունը կարող է դառնալ նրա միակ առավելությունը, այն դեպքում երբ պրոռուսական կողմնորոշումը կարող է Սարգսյանի դեմ խաղալ թեկուզ եւ այն պատճառով, որ նրա հավանական մրցակիցներն ավելի «պրոռուսական» են համարվում: Քաղտեխնոլոգներին պետք է հայտնի լինի նաեւ, որ չի կարելի մի փոքր հղի լինել, եւ եթե հայտարարել ես եվրոպական կուրսի մասին, ապա բարի եղիր մի փաթաթիր քեզ ՀԱՊԿ նկատմամբ նոր պարտավորություններով: Խորհրդարանը, իհարկե, կարող է անհրաժեշտ պահի միակողմանիորեն հետ կանչել իր ստորագրությունն արձանագրություններից, սակայն, առաջին հերթին հարկ է լինելու բախվել դիվանագիտական բյուրոկրատիային, իսկ երկրորդ հերթին, արձանագրության վավերացումը եւս մեկ փաստ է, որն անվստահություն է առաջ բերում Սերժ Սարգսյանի եվրոպական կուրսի նկատմամբ: Եվս մի քանի նման փաստեր, եւ եվրոպական հռետորաբանությունը կարող է Սերժ Սարգսյանի դեմ խաղալ, որովհետեւ չի կարելի մարդկանց ասել, որ նրանց Արեւմուտք ես տանում, իսկ դու փախչես Հյուսիս կամ էլ տեղում մնաս: Հայաստանը մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, ճակատ-ճակատի կբախվի արձանագրության հետ, քանի որ մեր տարածաշրջանում իրադարձությունները չափազանց դինամիկ են զարգանում: Ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ տեղի կունենան Թուրքիայի հետ, որքան շուտ Վրաստանը կմտնի ՆԱՏՕ, ինչ կձեռնարկվի Իրանի դեմ, ինչպես կդասավորվի իրավիճակը ղարաբաղյան կարգավորման հարցում: Եվ չի կարելի բացառել, որ Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության ու անվտանգության պաշտպանության համար հարկ լինի դիմել ՆԱՏՕ-ին կամ ոչ ՀԱՊԿ անդամ այլ պետությունների:Հետաքրքիր է, եթե ինչ-որ արեւմտյան ընկերություն ցանկանա օգտվել Ստեփանակերտի օդանավակայանից քաղաքացիական կամ ռազմական նպատակներով, դրա համար է՞լ պետք է ստանա Տաջիկստանի ու Ղրղզստանի թույլտվությունը: Նաիրա Հայրումյան

No comments: