Wednesday, October 17, 2012

Իրաքը մտադիր է զորքեր տեղակայել Թուրքիայի հետ սահմանին

1in.am. 17-10-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքը Քրդական
ինքնավարությունից պահանջում է հավանության արժանացնել Թուրքիայի սահմանին զորքերի տեղակայումը, որի նպատակը թուրքական զորքերի մուտքը Իրաքի տարածք կանխելն է, ինչպես նաև Իրաքի տարածքի թուրքական ավիահարվածներին վերջ դնելը, որոնք ուղղված են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների ճամբարներին: Այս մասին այսօր հայտարարել է Իրաքի խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իսքենդեր Վիթվիթը. «Մենք Քրդական ինքնավարությունից պահանջում ենք կենտրոնական կառավարությանը տալ Թուրքիայի սահմանին զորքեր տեղակայելու բոլոր իրավունքները՝ թուրքական զորքերի ներխուժումն Իրաք կանխելու համար: Բաղդադի և Քրդական ինքնավարության վատ հարաբերությունները խանգարում են կենտրոնական կառավարությանը՝ ձեռնարկելու ավելի լուրջ քայլեր Իրաքի հյուսիում թուրքական զորքերի ռազմական գործողություններին արգելք հանդիսանալու համար: Իրաքի խորհրդարանը դիտարկում է Թուրքիայի հետ կնքված պայմանագրի չեղյալ հայտարարման հարցը, որում խոսք է գնում Իրաքի տարածքում թուրքական զինվորական կոնտինգենտի գտնվելու և ավիահարվածներ հասցնելու թույլտվության մասին: Այդ համաձայնագիրը ճիշտ չէ, քանի որ սպառնում է պետության ինքնիշխանությանը: Շատ պատգամավորներ աջակցում են Թուրքիայի հետ կնքված այդ պայմանագրի չեղյալ հայտարարմանը: Վերջին ժամանակներս Թուրքիան սկսել է վարել տարածաշրջանի բոլոր երկրների գործերին միջամտելու քաղաքականություն: Այդ չարդարացված միջամտությունը մեծապես ազդել է Իրաքի և Թուրքիայի հարաբերությունների վրա և սպառնալիքի տակ է դրել դրանց հետագա զարգացումը: Իրաքը բազմիցս զգուշացրել է Էրդողանի կառավարությանը, որպեսզի նա հրաժարվի Իրաքի ներքին գործերին միջամտելու քաղաքականությունից, սակայն, չնայած դրան, Անկարան շարունակում է միջամտել՝ դրանով իսկ փորձելով քաոսային իրավիճակ առաջացնել երկրի ներսում: Թուրքիան Իրաքում համագործակցում է մի շարք քաղաքական ուժերի հետ՝ ապակայունացնելու համար երկրում տիրող իրավիճակը: Անկարայի վերջնական նպատակը Իրաքի մասնատումն ու ոչնչացումն է: Իրաքն ու Թուրքիան պետք է վերանայեն իրենց հարաբերությունները: Իրաքը կողմնակից է այդ հարաբերությունների բարելավմանը՝ պայմանով, որ Թուրքիան հրաժարվի երկրի ներքին գործերին միջամտելու իր քաղաքականությունից»:

No comments: