Sunday, October 7, 2012

Սփյուռքահայ լրագրողներն այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն

Ավարտվեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի նիստերի փուլը: Համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել Հայաստանի Հանրապետության ղեկավարման կարևորագույն օղակներ, ծանոթանալ Հայաստանի օրենսդիր և գործադիր մարմինների գործունեությանը, իրեց հետաքրքրող հարցերով դիմել բարձրաստիճան պաշտոնյաների: Համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայերի համար իրական հպարտություն էր գտնվել մի հաստատությունում, որի կառույցն իսկ վստահություն և պատկառանք է ենթադրում երկրի, պաշտպանական բանակի և նախարարության նկատմամբ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ներկաներին, բարձր գնահատեց սփյուռքահայ լրագրողների ավանդը Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորագույն գործում. «Ես հետևել եմ համաժողովի աշխատանքներին և գտնում եմ, որ այն չափազանց կարևոր գործունեություն է իրականացնում: Ցեղասպանության ճանաչումը մեր ժողովրդի և հանրապետության ղեկավարության առաջնային խնդիրներից է: Այն ոչ միայն անհրաժեշտ է լոկ մեր ժողովրդին, այլև համայն հանրությանը` այսօր և հետագայում նմանաբնույթ ոճրագործություններից խուսափելու համար»,- նշեց Սեյրան Օհանյանը: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ լրագրողների հարցերին: Լրագրողների հետաքրքրության ու սրտացավության շրջանակը լայն էր՝ նրանց հուզում էր հայկական զինված ուժերում հոգևորականների ծառայությանը, Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շփման գծում ադրբեջանական դիպուկհարների առկայությանն ու դրանց գործողություններին, բանակի մարտունակությանն ու սպառազիմնանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալների և պատվոգրերի արժանացրեց սփյուռքյան և հայաստանյան մի շարք լրատվամիջոցների: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Հայաստանի բանակի դերը՝ նշելով, որ հայերի՝ 21-րդ դարում ունեցած ամենամեծ նվաճումը հայկական հաղթանակած բանակն է: Նախարար Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և համագործակցության համար:

No comments: