Monday, October 8, 2012

Ադրբեջանը կարող է դուրս գալ վերահսկողությունից և կոշտ գործողությունների դիմել Թուրքիայի ռազմական ակտիվության ֆոնին. Ա. Զաքարյան

1in.am. 8-10-2012- Ադրբեջանը կարող է դուրս գալ վերահսկողությունից և կոշտ գործողությունների դիմել Թուրքիայի ռազմական ակտիվության ֆոնին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ խոսելով տարածաշրջանային գործընթացների և զարգացումների շուրջը: Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Սիրիայի զարգացումներին, ասաց, որ դրանք վաղուց դադարել են ներքին զարգացումներ լինելուց, մասնավորապես՝ Թուրքիայի ներգրավումից հետո: Բանախոսի կանխատեսումներով՝ վտանգն այն է, որ ընթացող հակամարտության աշխարհագրությունը կարող է ընդլայնվել: «Թուրքիայի համար քրդական գործոնը առաջին տեղում է, դրանով է պայմանավորված նրա ակտիվությունն այս զարգացումներում, սակայն ապագայում թուրքական քաղաքականությունը փակուղու առաջ կկանգնի՝ զարգացումների աշխարհագրության ծավալմանը զուգահեռ, որովհետև այս խնդրում Մերձավոր Արևելքի բոլոր երկրները կարող են ներգրավվել»,- պարզաբանեց նա՝ շարունակելով, որ այս պարագայում հայկական դիվանագիտությունը, կեցվածքը պետք է մնա՝ ինչպես եղել է: Ըստ նրա՝ Հայաստանն ավելի հավասարակշռող պետություն պետք է լինի՝ բազմավեկտոր քաղաքականություն կառուցող: Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալվող զարգացումներից խոսելով՝ պատգամավորը հույս հայտնեց, որ մեր տարածաշրջանում հնարավոր կլինի պահպանել խաղաղությունը և բոլոր տեսակի խնդիրների լուծումը տեղավորել բանակցային գործընթացի շրջանակներում: Արտակ Զաքարյանն, անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի պահվածքին, ասաց, որ այն ոչ ադեկվատ է դառնում միջազգային զարգացումներին, և Թուրքիայի ակտիվության ֆոնի վրա մի շարք գործոններ տանում են այն եզրահանգման, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Այս պարագայում Հայաստանը պետք է կարողանա իր քայլերն ու գործողությունները կազմակերպել անվտանգության հիմքի վրա: Հանրապետական պատգամավորի համոզմամբ՝ այդ դեպքում միջազգային հանրությունը ճնշումներ կգործադրի Ադրբեջանի վրա։ Այստեղ ՌԴ դերակատարությունն է խիստ կարևոր, կարևոր են նաև ԵՄ-ի, ԱՄՆ-ի դերակատարությունն ու շահերը տարածաշրջանում: Բանախոսի կարծիքով՝ Թուրքիայի ակտիվ գործողությունները տարածաշրջանում կարող են պատճառ դառնալ, որ Ադրբեջանը ևս ներգրավվի տարածաշրջանային քաղաքականության մեջ և կոշտ գործողություններ իրականացնի: «Ադրբեջանի ցանկացած ներգրավում կխաթարի խաղաղությունը տարածաշրջանում, ուստի հավասարակաշռության վերականգնման անհրաժեշտություն կառաջանա: Մենք պետք է էլ ավելի ակտիվացնենք մեր դիվանագիտական ջանքերը և կարողանանք միջազգային հարթակներում չենթարկվել սադրիչ գործողությունների, որոնք տարբեր ժամակներում եղել են և, ի պատիվ մեր դիվանագետների, թույլ չեն տվել, որ մենք արտաքին քաղաքական ճակատում սխալներ գործենք»,- մեկնաբանեց Արտակ Զաքարյանը:

No comments: