Saturday, October 20, 2012

Ավելի լավ է հիվանդանոց կառուցեր

«Լրագիր», 19.10.2012: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած Նիգ-Ապարան միությունը Երեւան-Ապարան մայրուղուց ոչ հեռու մեծ խաչ կկանգնեցնի, որը, թերեւս, պետք է մարդկանց համոզի, որ Հովսեփյանը բարեպաշտ քրիստոնյա է: Քրիստոնեության հիմքում ընկած է բարու եւ հավասարության գաղափարախոսությունը: Դարեր շարունակ քրիստոնյաները ցույց են տվել իրենց հավատարմությունն Աստծուն բարի գործերով՝ փորձելով բոլորին ապրելու հավասար հնարավորություն տալ: Շատ երկրներում մինչ այժմ գոյություն ունեն բարեգործական հիվանդանոցներ, որոնք կառուցվել են բարեպաշտ քրիստոնյաների կողմից, որոնցում կամավոր ծառայում են գթության քույրերը: Այդ հիվանդանոցներում կարող են բուժվել նրանք, ովքեր այլեւս գնալու տեղ չունեն, ովքեր փող չունեն կույրաղիքի հեռացման համար: Երկրում, որտեղ բնակչության 38 տոկոսն ապրում է աղքատության շեմից անդին, ցուցադրական խաչերի տեղադրումն անթույլատրելի շքեղություն է: Քրիստոնյային հարիր չէ նման գումարներ ծախսել խաչի վրա, երբ շուրջդ այդքան աղքատներ ու ունեզրկվածներ կան, երբ մարդիկ ապրում են «տնակներում», մահանում են, որովհետև բժշկի գնալու համար գումար չունեն, իսկ հաշմանդամ երեխաների 54 տոկոսն ապրում է աղքատության մեջ: Խաչերի կանգնեցումը, Արագածի շուրջպարը եւ քարե տառերը բարության դրսեւորում չեն, այլ նրանց արատավոր բարքերի ցուցադրումը, ովքեր Աստծու փոխարեն պաշտում են Ոսկե հորթին: Մարդիկ, ովքեր հսկայական կարողության տեր են դարձել, հոգու խորքում հասկանում են, որ ոչ քրիստոնեաբար են խլել այն, ինչը պատկանում է ուրիշներին, եւ փորձում են ցույց տալ, որ այդ գումարները ծախսում են «բարի» գործերի վրա: Հնարավոր է, ինչ-որ մեկը նման կերպ փորձում է ինդուլգենցիա ստանալ: Նաիրա Հայրումյան

No comments: