Saturday, October 6, 2012

Ինչու Պուտինը պետք է ժամաներ

«Լրագիր» 5-10-2012- Ինչու Պուտինը այդպես էլ չժամանեց Հայաստան: Գուցե նա ուզում է Բաքվից գալ, որտեղ պատրաստվում է մեկնել հոկտեմբերի 17-ին: Թե Հայաստանը որպես «դժվար դեպք« թողել է «հետոյին»: Վաղը Պուտինը մեկնում է Տաջիկստան, որտեղ պատրաստվում է լուծել բոլոր հարցերը, կապված ռազմակայանի և այդ երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման հետ: Սեպտեմբերին նա եղել է Մոլդովայում և Ղրղզստանում, որտեղ նույնպես կարգավորել է բոլոր հարցերը և կարողացել հասնել նրան, որ այդ երկրները խոստացել են հավատարիմ մնալ ռուսական կուրսին: Ղազախստանի և Բելառուսի հավատարմության մասին Պուտինը կասկածներ չունի, մնում են միայն Հայաստանն ու Ուկրաինան: Պուտինի՝ Հայաստան այցի մասին ազդարարել էր Կոնստանտին Զատուլինը դեռ հունիս ամսին. նա «հույս էր հայտնել», որ Պուտինը ներկա կլինի ՀԱՊԿ զորվարժություններին Երևանում: Հույսերը չեն արդարացել, սակայն Զատուլինը այդպես էլ չի բացատրել պատճառները: Երևի Պուտինը չի կարծում, որ Հայաստանի հետ հարցերը կկարգավորվեն նույնքան հեշտ, որքան մյուս երկրների դեպքում էր: Կամ էլ նա մտածում է, որ Հայաստանում ընդհանրապես խնդիրներ չկան, և դա ապացուցում են վերջերս տեղի ունեցած իրադարձությունները: Հայաստանի խորհրդարանը թեթեւությամբ վավերացրել է ՀԱՊԿ արձանագրությունը, որով Ռուսաստանը հայաստանում ստանում է բազայի մենաշնորհ, իսկ վարչապետը Յալթայում վերջերս հաստատել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՊՀ շրջանակներում ինտեգրմանը: Ճիշտ է, Տիգրան Սարգսյանը կարծում է, որ ԱՊՀ երկրներին անհրաժեշտ է միասին ձեւավորել նպատակ և գտնել դրան հասնելու ճանապարհը: Բայց անվտանգության հարցով նա հաստատել է, որ «վերազգային մարմիններն ավելի արդյունավետ են, օրինակ՝ ՀԱՊԿ-ը»: Բացի այդ, Պուտինը շատ լավ տեսնում է, որ, բացի դեկլարատիվ հայտարարություններից, Հայաստանը ոչ մի կոնկրետ քայլ դեպի եվրաինտեգրում չի ձեռնարկում: Դեկլարատիվ բարեփոխումները մնացել են թղթի վրա, Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը հետաձգվում է, Հայաստանը դեպի Եվրոպա գնալու ակտիվ ցանկություն չի արտահայտում: Ինքը Եվրոպան եւս հոռետեսորեն է տրամադրված՝ խոսում են Հայաստանում քաղաքական կամքի պակասի մասին, դոնորների ժողովը հետաձգվել է, մի խոսքով՝ Պուտինն անհանգստանալու պատճառ չունի: Ինչի համար Պուտինը պետք է գա Հայաստան. Ռուսական ռազմաբազաների տեղադրման ժամկետներն արդեն երկարացվել են 49 տարով, Հայաստանի սահմաններին կանգնած են ռուս սահմանապահները, հայկական բոլոր ենթակառուցվածքները Ռ͖͖ուսաստանի սեփականությունն են, ընդերքը նույնպես: Մնում է մի բան. Բաքվում Ալիեւի եւ Էրդողանի հետ հանդիպումից հետո Պուտինը գա Հայաստան եւ ստիպի 1-2 շրջան հանձնել Ղարաբաղում: Կարելի է չկասկածել, որ Հայաստանի խորհրդարանը կքվեարկի այդ առաջարկի օգտին էլ, ինչպես քվեարկեց ՀԱՊԿ արձանագրության օգտին: Էլի ԲՀԿ-ն կբոյկոտի նիստը, խուսափելով դեմ քվեարկելու պատասխանատվությունից, ՀԱԿ-ը, Ժառանգությունն ու ՀՅԴ-ն կիսատ-պռատ կքվեարկեն, իսկ մեծամասնությունը լուռ կհամաձայնվի: Գուցե, բոցաշունչ ելույթներով հանդես կգան Նիկոլ Փաշինյանը, Արծվիկ Մինասյանն ու Ալիկ Արզումանյանը: Իսկ Էդմոն Մարուքյանը կարող է վայր դնել նման խորհրդարանի մանդատը: Նաիրա Հայրումյան

No comments: