Wednesday, October 24, 2012

Հայաստանի և Ադրբեջանի սահմանում անօդաչու թռչող սարքերը կարող են պատերազմի հանգեցնել. Global Post

HayNews.am. 24-102-012- «Տարածաշրջան, որտեղ փխրուն խաղաղությունը կրում է ավելի քան երեք սառեցված հակամարտություն և տարածաշրջանի ժողովուրդները անօդաչու թռչող սարքեր են օգտագործում` միմյանց պաշտպանությունը ուսումնասիրելու և վիճելի տարածքներում լրտեսելու համար»,- նման տողերով է սկսում Global Post-ում հրապարակված հոդվածը, որում խոսվում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականության մասին: Տարածաշրջանում կան նաև ռազմավարական նավթատարներ, գազատարներ, խճճված դաշինքներ, որոնք դիտորդների կարծիքով կարող են վերաճել տարածաշրջանային հակամարտության` ներգրավելով Իսրայելին, Ռուսաստանին և Իրանին: Հեղինակը գրում է, որ այդ պետություններն արդեն իսկ ինչ որ չափով ներքաշված են հակամարտության մեջ: Հեղինակը հիշեցնում է, որ նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի օդային տարածք մուտք գործած անօդաչու սարք էր խփել: Անօդաչու սարքը իսրայելական արտադրության էր: Այստեղ հեղինակը հիշեցնում է, որ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն Հայաստանի և ադրբեջանի վրա զենքի ձեռքբերման ոչ պարտադիր էմբարգո են դրել, իսկ ԱՄՆ-ի կողմից դե ֆակտո արգելվել է զենքի վաճառքը Հայաստանին և Ադրբեջանին: Սակայն Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով այս ամենը չի խանգարել, որպեսզի Ռուսաստանը և Իսրայելը զենք վաճառեն նրանց: Նշվում է, որ Ադրբեջանը մարտ ամսին Իսրայելի հետ զինամթերքի գնման 1.6 միլիարդի պայմանագիր է կնքել և ձեռք բերել 100-ից ավելի անօդաչու թռչող սարքեր: Մինչդեռ Հայաստանն ունի ավելի քիչ անօդաչու սարքեր, որոնք տեղական արտադրության են: Հեղինակը հավելում է, որ հրադադարի ռեժիմի պայմաններում դիպուկահարների կրոկոցներից վերջին երկու տարում մահացել է 60 մարդ: «Ե’վ Հայաստանը, և Ադրբեջանը ըստ երևույթին, բանակցային սեղանի շուրջ նոր պատերազով սպառնում իրար, միևնույն ժամանակ պատրաստվելով լայնածավալ բախման, այն դեպքում, եթե բանակցային խաղաղ գործընթացը ձախողվի»,-նշում է հեղինակը` մեջբերելով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցից մի հատված: Հոդվածի վերջում հեղինակը մեջբերում է նաև ԱՄՆ ռազմական քոլեջի պրոֆեսոր Սթիվեն Բլանկի խոսքերը, ով նշել է, որ «պատերազմի վերսկսումը աղետալի կլինի, որը շատ արագ միջազգային մակարդակ դուրս կգա: Հայաստանը ռազմավարական առումով դաշնակից է Ռուսաստանի հետ և 5 հազարանոց ռուսական բազա ունի իր տարածքում: Իրանը նույնպես Հայաստանի դաշնակիցն է»: Բլանկը նաև նշել է, որ վստահ է, որ «հայ-ադրբեջանական պատերազմը չի կարող փոքր լինել»:

No comments: