Wednesday, October 24, 2012

Չեխիայի խորհրդարանը անհանգստություն և ափսոսանք է հայտնում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - 23 հոկտեմբերի 2012 - Չեխիայի խորհրդարանի Պաշտպանության, անվտանգության և
միջազգային հարցերով կոմիտեն միաձայն ընդունել է №266 բանաձևը, որում խորին անհանգստություն և ափսոսանք է արտահայտել Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Բանաձևում, որի հեղինակն է սենատոր Յարոմիր Շտետինան, նշվում է, որ կոմիտեն իր խորին անհանգստություն և ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, որը ԵՄ անդամ-պետության կողմից մարդասպանության համար ցմահ ազատազրկման էր ենթարկվել: Բանաձևի հեղինակը կարծում է, որ Ադրբեջանի այս որոշումը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածության ավելացմանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խոչընդոտման, տարածաշրջանային անվտանգության սասանման, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել: Չեխիայի խորհրդարանի Պաշտպանության, անվտանգության և միջազգային հարցերով կոմիտեն վերջինիս ներկայացուցչին` սենատոր Ժոզեֆ Ռեգեցին հանձնարարել է վերոհիշյալ բանաձևի մասին տեղյակ պահել Սենատի նախագահին: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահնձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները:

No comments: