Monday, October 22, 2012

Գերմանիան կապ ունի Հայոց ցեղասպանության հետ.The Independent-ը` 1915-ին արված լուսանկարի մասին

HayNews.am. 22-102012- Հեղինակավոր The Independent թերթը հրապարակել է Հայոց ցեղասպանության մի լուսանկար, որը նախկինում չի հրապարակվել: «Նախկինում երբեք չհրապարակված լուսանկարն ամենայն հավանականությամբ արվել է 1915 թվականի ամռանը: Մարդկային գանգերը ցրված են գետնի վրա: Դրանք այն ամենն են ինչ մնացել է մի բուռ հայերից, ովքեր կոտորվել էին Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհայինի տարիներին»,-այս տողերով է սկսում Ռոբերտ Ֆիսկն իր «Լուսանկարը Գերմանիային կապում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ» վերտառությամբ հոդվածը: Հեղինակը նշում է, որ լուսանկարում գանգերի հետևում կանգնած են երեք թուրք զինվորականներ, իսկ աջ կողմում` մի փոքր հեռու, մի մարդ է կանգնած քրդական հագուստով.«Սակայն մյուս երկու տղամարդիկ գերմանացիներ են, ում հագին կայսերական Գերմանիայի բանակային հագուստն է»: Հեղինակը նշում է, որ դա «գազանության պատկեր է`նման այն լուսանկարներին, որոնք քառորդ դար անց նացիստներն են արել` նկարվելով հրեաների Հոլոքոստի զոհերի դիակների հետ: «Արդյո՞ք գերմանացիները մասնակցել են 1915 թվականին հայ քրիստոնյանների զանգվածային ջարդին»,-հարցնում է հեղինակը` հավելելով, սակայն, որ սա այս տիպի առաջին լուսանկարը չէ: Հեղինակը միևնույն ժամանակ հիշեցնում է, որ, այդ տարիներին Թուրքիայի նահանգներում գտնվող գերմանացի պաշտոնյանները Օսմանյան Թուրքիային դատապարտել են հայերի զանգվածային սպանությունների համար: Այստեղ, հեղինակը հիշեցնում է նաև գերմանացի բժիշկ «Արմին Վեգների մասին, ով, կյանքը վտանգելով, լուսանկարել է մահացող հայերին»: Հեղինակը հոդվածում նշում է նաև, որ այս լուսանկարը հայտնաբերել է Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Ամենայն հավանականությամբ լուսանկարն անվել է Երզնկայում (Էրզինջան), որի բնակիչների մեծ մասը սպանվել են Երզրում տարհանվելու ճանապարհին»,-նշում է հեղինակը: «Սակայն, մենք կարող է և երբեք էլ չիմանանք գանգերի մոտ այդպես անտարբեր կանգնած այդ երկու զինվորականների ինքնությունը»,-եզրափակում է հեղինակը:

No comments: