Tuesday, October 9, 2012

Բողոքի ակցիա.«Միասեռականների մասին «Parada» ֆիլմի ցուցադրումը մանկական մշակութային օջախում մանկապղծության է նման»

Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մոտ այսօր տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի մասնակիցները կոչ էին անում դիվանագիտական առաքելությանը չաջակցել Երևանի տիկնիկային թատրոնում նախատեսվող«Parada» ֆիլմի ցուցադրությանը: Հիշեցնենք, որ սերբական ֆիլմն արծարծում է Սերբիայում միասեռականների խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է` 2001 թվականից հետո, երբ առաջինը ավարտվել էր բռնությամբ: Թեև ակցիայի մասնակիցներին դեսպանության աշխատակիցներից ոչ ոք չդիմավորեց, նրանք իրենց վրդովմունքն արտահայտեցին տիկնիկային թատրոնում միասեռականների իրավունքների պաշտպանություն քարոզող ֆիլմի ցուցադրության վերաբերյալ: Ինչպես լրագրողներին հայտնեց բլոգգեր Փիղը` Տիգրան Քոչարյանը, վրդովմունքը ոչ թե հենց ֆիլմի ցուցադրության նկատմամբ է, այլ այն փաստի, որ ցուցադրվելու է մանկական մշակութային օջախում: «Նման ցուցադրություն տիկնիկային թատրոնում անընդունելի է: Ֆիլմեր ցուցադրելու բազամթիվ այլ վայրեր, կինոթատրոններ կան, սակայն հատուկ նպատակով ընտրվել է հենց տիկնիկային թատրոնը, ես` որպես ծնող և հայ մարդ, դեմ եմ դրան», - նշեց նա` շեշտելով, որ բողոքը ոչ թե անհանդուրժողականության դրսևորումն է, այլ` բարոյականության սահմանների խախտման անթույլատրելիությունը: «Թատրոնում նման ֆիլմի ցուցադրումը կամ պաստառների հրապարակումը մանկապղծության է նման», - ասաց նա: Ցույցի մասնակիցների կարծիքով` ֆիլմի ցուցադրության աջակցությունը` մանավանդ մանկական մշակութային օջախում, մեր երկրի դեմ տարվող հատուկ քաղաքականության դրսևորում է: «Այստեղ որևէ ազգայնական կամ անհանդուրժողականության դրսևորում չկա: Բայց, եթե մենք նայենք այդ ֆիլմի հետ կապված վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ արտասահմանում վերջինս ցուցադրվել է երեխաների հետ կապված այս կամ այն օջախում: Հարց է ծագում, թե որքանով է սա պատահական կամ միտումնավոր», - ասաց «Հայազն» միության անդամ Արմեն Մկրտչյանը: Դեսպանատան դիմաց հավաքվածներին մտահոգում էր նաև այն, որ փորձ է արվում «քարոզին դիվանագիտական պաշտպանություն հաղորդել»:

No comments: