Sunday, October 28, 2012

Սուդանի գործարանին հարված է հասցրել Իսրայելը. օպերացիան Իրանի դեմ հարձակման փորձ է. The Sunday Times

Tert.am. 28-10-2012- Սուդանի մայրաքաղաք Խարթումի արվարձաններից մեկում «Յարմուկ» զենքի գործարանի վրա հարձակումն իրականացրել են Իսրայելի ռազմաօդային ուժերը։ Օպերացիային մասնակցել է 8 մարտական ինքնաթիռ, գրում է լոնդոնյան The Sunday Times թերթը։ «Հոկտեմբերի 24-ի առավոտյան իսրայելական 8 բազմաթիրախային F-15I կործանիչներ, որոնցից 4-ը կրում էին 2-ական 1 տոննայանոց ռումբ, իսկ մնացածն անվտանգություն էին ապահովում, հարված հասցրեցին հսկայական «Յարմուկ» արդյունաբերական համալիրին։ Բոլորը խոսում են այն մասին, որ այս հարձակումն Իրանի միջուկային օբյեկտները գրոհելու գլխավոր փորձն էր»,- գրում է թերթը։ Հրատարակությունը, մեջբերելով արևմտյան ռազմական փորձագետների, նշում է, որ գործողության ժամանակ իսրայելական ինքնաթիռներն օդում անցկացրել են 4 ժամ և հաղթահարել 3 900 կմ հեռավորություն։ Թռիչքն իրականացվել է Կարմիր ծովի վրայով, իսկ Սուդանի օդային տարածք ներխուժումը՝ արևելքից՝ Եգիպտոսի հակաօդային պաշտպանությունը շրջանցելու համար։ «Միաժամանակ օպերացիայի շրջանում գտնվող Gulfstream G550-ը՝ համալրված ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներով, ամբողջովին խլացրել է ռադարներն ու Սուդանի հակաօդային պաշտպանության այլ համակարգեր։ Արդյունքում աֆրիկյան այս երկրի զինանոցի և ոչ մի ՄիԳ այդպես էլ օդ չբարձրացավ»,- գրում է թերթը։ Ըստ հրատարակության՝ ներկայիս օպերացիան սկսվել է 2 տարի առաջ՝ Դուբայի հյուրանոցներից մեկում Մոսադի (Իսրայելի հետախուզական ծառայություն) գործակալների կողմից պաղեստինյան «Համաս» շարժման բարձրաստիճան անդամի սպանությամբ։ «Մինչ հյուրանոցը լքելը, նրանք նրա պորտֆելից հանել էին Իրանի և Սուդանի միջև կնքված ռազմական համաձայնագրի պատճենը։ Փաստաթղթերը վկայում են, որ Սուդանը Թեհրանին իր տարածքում զենք ստեղծելու իրավունք է տվել»,- գրում է թերթը։ The Sunday Times-ի համաձայն՝ «Յարմուկ» գործարանում իրանցի մասնագետների ղեկավարությամբ արտադրվել են իրանական «Շահաբ» բալիստիկ հրթիռներ։ «Դրանք նախատեսված էր Գազայի հատվածում և Մերձավոր Արևելքի մյուս շրջաններում «Համաս»-ի ներկայացուցիչներին հանձնելու համար»,- եզրափակում է թերթը։

No comments: