Sunday, October 28, 2012

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության հայտարարությունը եւ բաց նամակը Բակո Սահակյանին Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում վերջին ամիսներին միջազգային կառույցների ոչ համարժեք արձագանքների և առանձին բարձրաստիճան պաշտոնյանների սադրիչ հայտարարությունների ու գործողությունների կապակցությամբ: Սաֆարովի հետ կապված հայտնի միջադեպին հաջորդած իրադարձությունները փաստում են, որ՝ 1. Բաքվի ռեժիմը, չնայած միջազգային հանրության արձագանքներին, որևէ կերպ չի վերանայում հայերի սպանությունը որպես ազգային բարձրագույն նպատակ հետապնդելու քաղաքականությունը. 2. Այդպիսի վերանայումը հնարավոր կլիներ միայն այն դեպքում, երբ միջազգային կառույցների քայլերն ուղղված լինեին այդ կեցվածքի խորքային հիմքերը հայտնաբերելու և համարժեք արձագանքով անհրաժեշտ համակարգային փոփոխություններ իրականացնելուն, այլ ոչ թե իրերի գոյություն ունեցող դասավորությունն անփոփոխ թողնելով՝ փրկեին իրենց սիրելի խաղը՝ բանակցությունները Մինսկի գործընթացի շրջանակում, որով փաստացի վավերացվում են Բաքվի ռեժիմի դրսևորած կեցվածքը և այդ ռեժիմի հիմքը հանդիսացող պետականության տեսակի գոյության իրավունքը: 3. Նման գործելաոճը շատերի մեջ կասկած է հարուցում, թե Կասպից Արևմուտքում ժողովուրդների մեջ թշնամանքի և ատելության պահպանումն ու խորացումը, սպանությունների էսկալացիան բխում է միջազգային ինչ-ինչ ազդեցիկ շրջանակների նպատակներից և շահերից. 4. Տարակուսանք է առաջացնում, որ համանախագահներն առաջարկում են բանակցությունները շարունակել Մադրիդյան սկզբունքների շրջանակում, ինչը աբսուրդ է թվում Սաֆարովի հերոսացման փաստից հետո: Ներկայումս հայ փախստականների վերադարձը հնարավոր է միայն Բաքվի ռեժիմի սպանդի մեխանիզմներից ազատագրված տարածքներում: Ինչ վերաբերում է նրանց` Բաքու, Նախիջևան և Գարդման վերադարձին, ապա դա հնարավոր կլինի միայն այդ ռեժիմի վերացումից հետո, ինչը պայմաններ կստեղծի տարածաշրջանի ժողովուրդների համատեղ կյանքը կազմակերպելու համար: Ստեղծված իրավիճակում Բաքվի ռեժիմի հետ հայկական կողմի որևէ ուղղակի կամ անուղղակի բանակցություն` ցանկացած ձևաչափով, նշանակում է նույն սպանությունների իրավունքի վավերացում նաև հայկական կողմից: 5. Ադրբեջանական ԽՍՀ հայ փախստականները իրենց և համայն հայության անվտանգությունը տեսնում են կոնֆլիկտի կարգավորման նոր ձևաչափ ստեղծելու մեջ, որն ամբողջովին կբացառի ուժի կիրառման հնարավորությունը, կապահովի կոնֆլիկտի բոլոր կողմերի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին` նրանում ընդգրկելով մարդու, մասնավորապես փախստականների խախտված իրավունքների լիովին վերականգնման խնդիրը: Ինչ վերաբերում է Արցախյան ազատամարտի մի խումբ մասնակիցների 12 սեպտեմբերի 2012թվի՝ հայությանն ուղղված կոչին` համարժեք պաշտպանության և անվտանգության համակարգերի ձևավորման վերաբերյալ, ապա, հաշվի առնելով տարածաշրջանի բնիկ ժողովուրդների, քաղաքական հակառակորդների, տարբեր դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ Բաքվի ռեժիմի կողմից շարունակվող ու ծավալվող, ամենածայրահեղ ձևերի հասնող հալածանքները, կարծում ենք, որ այն պետք է դիտարկվի տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության համատեքստում: Բաց նամակ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին Միջազգային հանրությունն ականատեսն է Շոտլանդիայի անկախացման ու ինքնիշխանության հաստատման համար Էդինբուրգի և Լոնդոնի համագործակցությանը: Խնդրում ենք Ձեր աջակցությունն ու հովանավորությունը, հուսով ենք նաև մասնակցությունը, Շոտլանդիայի, Անգլիայի, Արցախի և Կասպից Արևմուտքի հասարակական, քաղաքական ու պետական գործիչների համատեղ հանդիպում կազմակերպելու առնչությամբ: Հանդիպման ժամանակ կքննարկվեն Շոտլանդիայի և Անգլիայի համատեղ փորձը՝ որպես ազգամիջյան խնդիրների լուծման նոր մշակույթ, Կասպից Արևմուտքում նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման և Արցախի ժողովրդի կամարտահայտության վավերացման հարցում կիրառելու համար:

No comments: