Monday, November 12, 2012

Ա. Ռուստամյանը ԲՀԿ-ՀՅԴ առաջին հանդիպման մասին` «բավականին խոստումնալից էր»

Panorama.am. 10-11-2012- «Ընդհանուր առմամբ, առաջին հանդիպումը բավականին խոստումնալից էր: Դա հնարավորություն կտա համագործակցել հիմնական կետերի շուրջ, որոնք հրապարակել ենք նաև մեր վերջին ասուլիսի ժամանակ, համաձայնեցնել և գնալ առաջ»,- ՀՅԴ-ԲՀԿ առաջին հանդիպումից հետո, ըստ ՀՅԴ բյուրոյի պաշտոնական կայքի, հայտարարել է Արմեն Ռուստամյանը: Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպումը նախնական էր, և որ հանդիպման ընթացքում ներկայացվել են կողմերի տեսակետները: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն առաջարկով դիմել էր քաղաքական ուժերին՝ քաղաքական խորհրդակցություններ սկսել երկրում համակարգային լուրջ փոփոխություններ անելու համար: «Արձանագրեցինք, որ համաձայնեցման դաշտի գերակշիռ մասը առկա է: Ստեղծված իրավիճակի գնահատումները, բնականաբար, բավականին մոտ են: Հանդիպման ընթացքում կարևորվեց, որ այս փուլում անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի միավորող գաղափարն ամրապնդվի, որից հետո արդեն մյուս տակտիկական քայլերը կքննարկենք»,- ասել է նա: Արդյո՞ք քաղաքական դաշտում այլ ուժերի հետ ընդհանուր համախմբումը կստացվի հացին, Ա. Ռուստամյանը պատասխանել է, որ կյանքը ցույց կտա: Նա ընդգծել է նաև, որ ՀՅԴ-ն այդ ճանապարհն է մատնացույց անում, որով երկիրն այս վիճակից դուրս կգա: «Սա այն օրակարգն է, որում կա անհրաժեշտ և բավարար քայլերի ցանկը, որը շատ կարճ ժամանակում կապահովի այն Հայաստանի կերտումը, որը մենք բոլորս երազում ենք: Սա համախմբման ամենակարևոր առանցը կարող է լինել, և եթե սա վերածվեց հասարակական պահանջի, ով էլ լինի իշխող ուժը, չի կարող հաշվի չնստել արդեն ձեւավորված հասարակական պահանջի հետ: Այս դուռը բաց է բոլորի առջև: Որքան մեծ կոնսոլիդացիա առաջանա այս գաղափարների շուրջ, այնքան կմեծանա այս խնդիրները լուծելու հեռանկարը»,- ասել է ասաց Արմեն Ռուստամյանը:

No comments: