Saturday, November 10, 2012

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը Իլհամ Ալիեւի «արագ հաղթանակի» մասին հայտարարությունը զավեշտալի է համարել

News.am. 10-11-2012- Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգովը, ով ներկայումս բնակվում է Նորվեգիայում, կտրուկ քննադատության է ենթարկել Ադրբեջանի ղեկավարության անհիմն ռազմատենչ հայտարարությունները: «Թշնամին ծիծաղում է այդ իշխանության վրա»,- «Azpolitika.com»-ի հետ հարցազրույցում ասել է Իսա Սադիգովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` շուտով Ադրբեջանի հաղթանակի օրը նշելու մասին հայտարարությունը: Նախկին պաշտոնյայի խոսքով` ադրբեջանական ժողովուրդն արդեն 18 տարի նույն արտահայտությունն է լսում: «Հիշո՞ւմ եք, Հեյդար Ալիեւը նույնպես նման խոստումներ էր տալիս: Դրանք կեղծ եւ դատարկ խոստումներ են: Հավատացեք, նրանք իրենց դրել են այնպիսի զավեշտալի իրավիճակի մեջ, որ նրանց վրա ծիծաղում ենք ոչ միայն մենք, այլեւ թշնամին: Մեկ նա ասում է, որ զարգացման տեմպերը պետք է դադարեցնել, քանի որ ողջ աշխարհը նախանձում է մեզ: Թող քանդվի այն աշխարհը, որ դրան կնախանձի: Մեկ ասում է , որ բացել է 700 հազար աշխատատեղ: Հիմա էլ խոսում է հաղթանակի մասին: Նա իր հաղթանակները տանում է միայն սեփական անպաշտպան, սոված ժողովրդի նկատմամբ` սպանելով, ծեծելով եւ ձերբակալելով: Պետք է հարցնել` ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը: Միգուցե նա պատրաստվում է ընտրություններից հետո իր հաղթանակին, ինչպես 2003-2005 թվականներին: Նրա հաղթանակները ոչ մի կապ չունեն Ղարաբաղի եհտ: Սա ես ձեզ համոզված եմ ասում: Այդ անձը չի մարտնչելու»,-հայտարարել է Սադիգովը:

No comments: