Tuesday, November 6, 2012

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը բանտում բողոքում է անարդարությունից

«News.am», 06.11.2012: Թուրքիայում հեղաշրջմանն ուղղված «Ինտերնետ հուշագրի» գործով բանտում գտնվող ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը նամակ է ուղարկել Milliyet-ի լրագրող Ֆիքրեթ Բիլային՝ կոչ անելով վերջ դնել անարդարությանը։ Նամակում գեներալ Իլքեր Բաշբուղը գրել է, թե «Ինտերնետ հուշագրի» գործով իր դեմ ներկայացված մեղադրանքները ենթադրությունների հիման վրա են։ «Ըստ դատախազության, եթե հուշագրի շրջանակում նախատեսված կայքերի աշխատանքը չդադարեցվեր, այդ կայքերում հանցանքներ կգործվեր։ Այսինքն՝ այն ենթադրությամբ, թե մարդիկ կարող էին հանցանք գործել, ամիսներով փակվել են բանտում։ «Ինտերնետ հուշագիրը» գլխավոր շտաբում կազմված օրինական սակայն անավարտ փաստաթուղթ է, որը պետք է ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե այնտեղ հանցանք կա՞, թե՞ չկա։ Հուշագիրն ընդամենը 2 էջից է կազմված եւ հանցանք պարունակող ոչինչ չունի։ Այս անարդարությունն օր-օրի ավելի ծանրանում։ Պետք է րոպե առաջ վերջ դրվի այս անարդարությանը»,-նամակում գրել է Իլքեր Բաշբուղը։ Նշենք, որ Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազ Ջիհան Քանսըզի կողմից պատրաստված մեղադրականում Իլքեր Բաշբուղի համար «հեղաշրջման փորձ իրականացնելու» մեղադրանքով պահանջվում է ցմահ եւ «ահաբեկչական կառույցը ղեկավարելու» մեղադրանքով` 15-ից 22 տարի ազատազրկում: «Ինտերնետ հուշագիրն» իրենից ներկայացրել է կայքերի ստեղծում, որոնց միջոցով ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է վարկաբեկեր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն ու ոչ մահմեդականններին։ «Ինտերնետ հուշագիր» գործով մեղադրանք է առաջադրվել 30 հոգու նկատմամբ, որոնցից 16-ը գտնվում են կալանքի տակ։

No comments: