Tuesday, November 6, 2012

Բաքվի ռազմական արկածախնդրությունը կբերի ԼՂՀ անկախության ճանաչմանը ոչ միայն Հայաստանի կողմից

Panorama.am.5-11-2012- Օրերս պաշտոնական Բաքուն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի անունից անհաջող փորձ ձեռնարկեց շրջանառության մեջ մտցնելու` ԼՂ հակամարտության կարգավորման և Ադրբեջանի միջազգային ասպարեզում արձանագրած և հասարակությանը մոլորեցնող թեզիսները: Panorama.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու նպատակով դիմեց ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արտակ Ապիտոնյանին: «Նախ՝ կարևոր է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի ճանաչել Արցախի Հանրապետությունը և դա եղել է Հայաստանի կողմից հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու նպատակով արված ամենալուրջ փոխզիջումը: Սույն փաստն, իր հերթին, բարձր գնահատանքի է արժանացել է միջազգային հանրության և քաղաքակիրթ աշխարհի՝ խնդրի խաղաղ կարգավորմամբ շահագրգիռ հատվածի կողմից »,-ասաց Ապիտոնյանը: Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արտակ Ապիտոնյանը նաև ուշադրության արժանացրեց այն հանգամանքը, որ ԼՂՀ ճանաչման հարցում «սառույցը շարժվել է», ինչի վկայությունն են արդեն մի քանի, դեռևս նահանգային մակարդակով ընդունված պաշտոնական փաստաթղթերը, տարբեր երկրների քաղաքական ներկայացուցիչների՝ օրեցօր ավելացող այցելություններն Արցախ: Նրա խոսքերով, միջազգային հանրությունը փաստացի «ուղերձ» է հղում Ադրբեջանին, թե «ստատուս քվոն» չի աշխատելու Ադրբեջանի օգտին, իսկ Բաքվի կողմից ռազմական արկածախնդրության դեպքում Արցախի անկախությունը կճանաչվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև ուրիշ պետությունների կողմից: Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, թե Ադրբեջանի նախագահի աշխատակազմում դա պետք է որ հասկանան, սակայն հաշվի առնելով ադրբեջանական ԶԼՄ-ների վերջին հրապարակումները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունով ստորագրահավաքի խնդրագիրը, որում արտացոլված են ադրբեջանական քարոզչության արդեն վաղուց հերքված թեզիսները, պաշտոնական Բաքվի կողմից իրավիճակի համարժեք ընկալումը հարցականի տակ է դնում: Դա առավել հստակ է արտահայտվում Նովրուզ Մամեդովի՝ Ադրբեջանի թվացյալ հաջողությունների ու միջազգային ասպարեզում հեղինակության աճի մասին հայտարարություններում: «Այս տարվա ընդամենը մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանը հաջողել է երեք անգամ միջազգային քննադատությունների թիրախ դառնալ` հայտնվելով արտասահմանյան առաջատար լրատվամիջոցների էջերում ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկուցներում, սկզբում՝ Եվրատեսիլ երգի մրցույցի և կոռուպցիոն սկանդալների առնչությամբ, ապա՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացման, իսկ այժմ էլ աշխարհի տարբեր երկրներում հանգուցյալ առաջնորդ Հեյդար Ալիևի հուշարձանների տեղադրման սկանդալների կապակցությամբ: Պաշտոնական Բաքուն տարօրինակ պատկերացում ունի միջազգային ասպարեզում հաջողությունների և հեղինակության վերաբերյալ», - նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: Ա. Ապիտոնյանը նաև խորհուրդ տվեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի գործընկերներին զերծ մնալ «շփացած երեխա» արտահայտությունը Հայաստանի հասցեին օգտագործելուց` սեփական ենթագիտակցական դրդապատճառների ակամա մերկացումից խուսափելու նպատակով:

No comments: