Tuesday, November 6, 2012

Իսլամի արմատականացումը Թուրքիայում

Արեւմտյան հանրության քաղաքական կենտրոնների աշխարհաքաղաքական հայեցակարգը Թուրքիայի հանդեպ տասնամյակներ շարունակ մի շարք քայքայիչ հայեցակարգեր են գործի դրվել, ինչպես օրինակ, «ձախ նախագիծը», «ռազմաբռնատիրական նախագիծը», «բարեփոխիչ նախագիծը», «ազատական նախագիծը» և այլն: Արդեն բավական շատ գրվել ու խոսվել է «քեմալականության ճգնաժամի» մասին (ի դեպ, այդ տերմինը, ինչպես նեոօսմանիզմը, քաղաքական գրականություն է մտել հայ հեղինակների կողմից): Սակայն, ըստ էության, մինչ այժմ դեռեւս բավական հստակ որոշված չեն տվյալ ճգնաժամային երեւույթի պոստուլատները, դրա գործոնները, շահերն ու հեռանկարները: Ցավոք, տարբեր երկրների թուրքագետները գերադասում են որոշակի ուշացումով ներկայացնել Թուրքիայի այս կամ այն գործընթացը: Այժմ ակնհայտ է դարձել, որ Թուրքիայում քաղաքական իսլամի դիրքերի ամրապնդումը տեղի է ունենում ոչ միայն որոշակի սոցիալական գործընթացների, թուրքական հանրության զարգացման հակասականության եւ անհավասարաչափության, թուրքական էլիտայում տարբեր շահեր ունեցող խմբերի ձեւավորման, այլ նաեւ արտաքին նախաձեռնությունների արդյունքում: Թուրք հասարակությունը, չնայած երկրի չափերին եւ տնտեսական դինամիկային, զգալի ռազմական ներուժին, մշտապես եղել ու շարունակում է կախված մնալ արտաքին քաղաքական, քարոզչական, հետախուզական ու նախաձեռնողական ազդեցություններից: Թուրքական հասարակությունն իրենից ներկայացնում է հակասական հոսանքների ու քաղաքական գաղափարախոսությունների մասնատված խճանկար, որը կարիք ունի արտաքին աջակցության: Թուրքական բիզնեսը նույնպես շարունակում է ուժեղ կախվածության մեջ մնալ արտաքին գործոններից: Հասարակությունն առանձնանում է ամենատարբեր կրոնական, քաղաքական եւ էթնիկ աղանդների ու ոչ հրապարակային ու ոչ աշխարհիկ բնույթի օրդենների առկայությամբ: Տվյալ պայմաններում, Արմևտյան հանրության առաջատար տերությունները Թուրքիայի վրա ազդելու հսկայական փորձ են կուտակել: Վերջին ժամանակներս, երբ Թուրքիան ձգտում է ավելի շատ արտաքին քաղաքական ակտիվություն ցուաբերել, նրա վրա ազդելու համար օգտագործվում են որոշ հարուստ իսլամական պետություններ և շատ իսլամական վերազգային կազմակերպություններ, որոնք լավ ներկայացված են մի շարք եվրոպական մայրաքաղաքներում: Հարկ է նշել, որ Թուրքիայում վերելք է ապրում ոչ միայն քաղաքական իսլամը, այլեւ տեղի է ունենում հասարակության զարգացման իսլամական վեկտորի արմատականացում: Թուրքիայի արտաքին քաղաքականության տվյալ միտումն, անկասկած, ակնհայտ խնդիրներ է առաջացնում նախեւառաջ հարեւան պետությունների կամ հարեւան տարածաշրջաններում գտնվող պետությունների առնչությամբ: Պետք է ուշադրություն դարձնել, որ գործնականում Թուրքիայի բոլոր արտաքին քաղաքական խնդիրներն ու տհաճությունները կապված են իսլամական գործոնի հետ: Իհարկե, ամենաշատը դա զգացվում է Բալկանյան տարածաշրջանում, եւ օրինակ Վրաստանում ու Ռուսաստանում, արաբական երկրների քրիստոնեական համայնքների հարցում: Սակայն հենց մի շարք իսլամական պետությունների նկատմամբ է Թուրքիան անհանդուրժողականություն ցուցաբերում եւ փորձում խաղալ առաջանցիկ, կիրառելով եւ դիմելով իսլամական գործոնին: Նույնիսկ այն երկրները, որտեղ սահմանադրությամբ իսլամը պետական կրոն է, բավական մտահոգված են Թուրքիայի քաղաքականությամբ, որը փորձում է դառնալ իսլամական աշխարհի ոչ միայն քաղաքական, այլ նաեւ կրոնական առաջնորդը: Ոչ Սաուդյան Արաբիային, ոչ նրա արբանյակներին, ոչ Իրանին ձեռնտու չեն Թուրքիայի հավակնությունները, որոնք այդ երկրներում անհիմն եւ նույնիսկ ծիծաղելի են համարվում: Դրա հետ մեկտեղ, Արեւմտյան հանրությունում Թուրքիայի հանդեպ քարոզչությունում ու մեկնաբանություններում Թուրքիայում իսլամական ազդեցության ուժեղացումը բավական զուսպ է ընկալվում՝ առանց որեւէ տեսանելի վտանգների, եւ շատ քաղաքական տեքստերում որոշակի ցանկալի սպասում է նկատվում այդ միտման մեջ: Կա նաեւ այլ տարբերակ, ըստ որի, Թուրքիայում արմատական իսլամը կոչված է որոշակի ձեւի «բարեփոխված» ու «եվրոպականացված» իսլամի ներդրման ճանապարհով ազդեցություն գործել իսլամական երկրների վրա, սակայն հարցն այն է, թե տարբերակներից որն է «առաջնային» կամ «երկրորդական»: Ամեն դեպքում, Թուրքիան պարտություն է կրում երկու տարբերակներով էլ: Ներկայում հայեցակարգի հիմնական խնդիրն իրականացված է: Թուրքիան բավական կոշտ կերպով բախվել է մոտ եւ առավել հեռու հարեւանների, մասնավորապես տարածաշրջանային մրցակիցների դիմադրությանը եւ այդպես էլ չի կարողացել տարածաշրջանային էքսպանսիայի մասով էական արդյունքի հասնել: Թուրքիան հայտնվել է աշխարհքաղաքական շրջափակման ու մեկուսացման մեջ: Ըստ էության, նեոօսմանիզմի հայեցակարգը ձախողվել է, սակայն որքան էլ տարօրինակ է, Արեւմուտքում գտնվում են շահագրգիռ քաղաքական նախագծողներ, որոնց խնդիրն է «վերակենդանացնել» կամ, ավելի ճիշտ, ստեղծել նեոօսմանիզմի բովանդակալից այլընտրանքը: Ինչպես հայտնի է, պանթյուրքիզմի հայեցակարգն իրականացվում է մի քանի փուլով եւ Թուրքիայի արտաքին քաղաքականությանն ալիքաձեւ բնույթ է հաղորդում: Հնարավոր է, Անկարայում փորձում են նեոօսմանիզմին նմանատիպ հատկանիշներ հաղորդել, սակայն դա չի բացառվում Արեւմուտքի կողմից այդ հայեցակարգի նկատմամբ որոշակի շահագրգռվածության դեպքում: Ըստ ամենայնի, շուտով ակնհայտ կդառնա, որ Արեւմուտքի քաղաքական կենտրոնները նեոօսմանիզմը, ինչպես նաեւ Թուրքիայում քաղաքական իսլամի արմատականացումը դիտարկում են որպես երկրի մասնատման միջոց: Այժմ, օրինակ, քրդական գործոնին զուգահեռ Թուրքիայի հասարակական կյանքում աճում է նաեւ ալավիական գործոնը: Ալավիական խնդիրը մշտապես գոյություն է ունեցել հանրապետական Թուրքիայում, սակայն այժմ, քաղաքական իսլամի արմատականացման պայմաններում, այն բավական սուր բնույթ է ստանում: Իսլամի արմատականացումը միշտ նախեւառաջ իսլամական պետությունների խնդիրն է եղել: Ընդ որում, միշտ զոհաբերվել են Արեւելքի քրիստոնեական համայնքները, այսինքն, առկա է ոչ թե որոշակի քաղաքական նորամուծություն, այլ աշխարհաքաղաքական դասականություն: Իգոր Մուրադյան

No comments: