Saturday, November 10, 2012

ԱՄՆ-ն ու Իրանը կհաշտվեն Հայաստանի միջոցո՞վ

1in.am. 10-11-2012- Աշխարհում բազմաթիվ խնդիրներ որոշակիորեն սառեցվել էին ԱՄՆ նախագահական ընտրությունների կապակցությամբ, եւ ակնհայտ է, որ վերընտրվելուց հետո Բարաք Օբաման կշարունակի ակտիվ արտաքին քաղաքականությունը: Դեռեւս պարզ չէ, թե ով կլինի նոր պետքարտուղարը, սակայն դա հազիվ թե ազդեցություն ունենա արմատական խնդիրների լուծման վրա: Որոշակի ակտիվություն է նկատվում Իրանի հարցում: Ավելի ու ավելի շատ է խոսվում Իրանի ու ԱՄՆ միջեւ հնարավոր ուղիղ բանակցությունների մասին: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նոյեմբերի 8-ին հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները պետք է ուղիղ քննարկվեն Իրանի ու ԱՄՆ միջեւ բանակցություններում: «Մենք հավատում ենք ժողովուրդների ու կառավարությունների միջեւ բարեկամական հարաբերություններին, Իրանը ողջունում է ցանկացած հարաբերություն, որի հիմքում ընկած է արդարությունն ու փոխադարձ հարգանքը»,-ասել է Ահմադինեժադը: Իրանի նախագահի խոսքով, անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել, թե ով և ինչու 33 տարի առաջ խզեց հարաբերությունները: Նախօերին էլ տեղեկություն է հայտնվել, որ ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու հնարավորությունը: Հատկանշական է, որ Ռուսաստանը նույնպես ակտիվացրել է ջանքերն իրանական հարցում՝ կարծես համակերպվելով Սիրիայի «կորստի» հետ: Ռուսաստանը կարծում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներն անհրաժեշտ արդյունք չեն տալիս: Այս մասին նշել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Րյաբկովը: «Վաշինգտոնում մեզ ասում եմ, որ պատժամիջոցներն անհրաժեշտ են բանակցություններում հաջողության հասնելու համար, սակայն դրանք արդյունք չեն տալիս: Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները հիմնականում ուղղված են Իրանի քաղաքական համակարգում ճեղքվածք տալուն, սոցիալական անկայունություն ստեղծելուն, այն սոցիալ-տնտեսական ինժիներինգին, որին մենք, ցավոք, ականատես ենք լինում աշխարհի այլ կետերում, մասնավորապես, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում»,-ասել է նա: Հնարավոր է, դա կապված է Իրանի ու ԱՄՆ միջեւ հավանական ուղիղ բանակցությունների հանդեպ «խանդի» հետ: Հատկանշական է, որ հենց այս օրերին է Սերժ Սարգսյանը մասնակցել Արաքսի վրա համատեղ հայ-իրանական ՀԷԿ-ի շինարարության մեկնարկի արարողությանը: Ընդ որում, դա արվել է այն բանից հետ, երբ Հայաստանն ու ԱՄՆ-ը հուշագիր են ստորագրել էներգետիկ համագործակցության վերաբերյալ: Այլ կերպ ասած, չի բացառվում, որ ԱՄՆ-ը «թույլտվություն» է տվել հայ-իրանական ՀԷԿ-ի շինարարության համար: Հնարավոր է, Իրանն ու ԱՄՆ-ն այժմ միջնորդներ են փնտրում բանակցությունների համար: Թուրքիային, որն անցյալ տարվա ընթացքում փորձում էր նման միջնորդ դառնալ, ոչ ոք լուրջ չի ընդունում: Եվ չի բացառվում, որ հենց Հայաստանը կարող է եթե ոչ միջնորդ, ապա գոնե պլացդարմ դառնալ ԱՄՆ ու Իրանի միջեւ բանակցությունների մեկնարկի համար: Այն, որ մի օր այդ հարաբերություններն առճակատումից պետք է անցնեն համագործակցության, ավելի քան ակնհայտ է: ԱՄՆ-ը հազիվ թե ռազմական առճակատում ցանկանա նման խոշոր պետության հետ: Իրանին թուլացնելու «գործն» Արեւմուտքն արդեն արել է: Իրանում իրոք բարդ տնտեսական իրավիճակ է, սակայն ոչ Արեւմուտքն է կարող առանց Իրանի, ոչ էլ Իրանը՝ առանց հարեւանների: Բացի այդ, ինչպես նշում են միջազգային վերլուծաբանները, Արեւմուտքի կողմից ոգեշնչված հեղափոխությունների արդյունքում մուսուլմանական բազմաթիվ պետություններում իշխանության են եկել արմատական ռեժիմներ: Հատկանշական է, որ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հրաժարվել է մասնակցել Սիրիայի հարցով նոյեմբերի 10-ին Անկարայում նախատեսված Թուրքիա-Իրան-Եգիպտոս եռակողմ հանդիպմանը:

No comments: