Saturday, November 10, 2012

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ում

Նյու Յորքում ընթանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» կետով այսօր ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ դեռեւս չեն սպիացել Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, եւ, որ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելություն հայերի նկատմամբ: Դեսպանը նիստին մասնակցող ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությանն է հանձնել պաշտոնական Բաքվի հայատյացության փաստերը` նշելով, որ այս առթիվ ահազանգում է ողջ միջազգային հանրությունը, մասնավորապես, ռասիզմի դեմ պայքար մղող միջկառավարական կառույցները: Կարեն Նազարյանի ելույթի առանցքային թեման էր մարդասպան Ռամիլի Սաֆարովին ներում շնորհելը, ինչը հակասում է ոչ միայն միջազգային իրավունքի հումանիտար նպատակներին, այլ մարտահրավեր է նետում մարդու իրավունքների ողջ համակարգին: Դեսպան Նազարյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի ներումն անպատժելիության սարսափելի օրինակ է, էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն` ինչը հետևանք է Ադրբեջանում տասնամյակներ իրականացվող այլատյացության եւ ռասիստական քաղաքականության: Նա ավելացրեց նաեւ, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է «հանդուրժողականություն ցուցաբերելու, որպես բարի դրացիներ խաղաղության մեջ համատեղ ապրելու» ՄԱԿ-ի նպատակը եւ դրանով իսկ խափանում է վստահության մթնոլորտի ձեւավորման գործընթացը տարածաշրջանում: Դեսպան Նազարյանը կոչ արեց ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը շարունակել բարձրաձայնել բողոքի ձայներն ընդդեմ այս աններելի վարքագծի, որը, անարգելով մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, վտանգում է նաեւ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

No comments: