Sunday, April 20, 2008

ՀՈՒԼԻՍԻ 6-13-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 6-13-ին Հայաստանում եւ Արցախում կանցկացվի Գրողների համահայկական չորրորդ համաժողովը, որին կմասնակցեն յոթ տասնյակից ավելի գրողներ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, համաժողովն այս տարի կանցկացվի «Գրական երիտասարդական սերունդը. 21-րդ դարի մարտահրավերներ» կարգախոսով: Նա նշեց, որ ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ այս տարի համաժողովը կանցկացվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում:

Լ.Անանյանի խոսքերով, համաժողովի շրջանակներում ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ Շառլ Ազնավուրի հրապարակում կկազմաակերպվի Գրքի համահայկական ցուցահանդես-վաճառք, կհրատարակվի ժողովածու, որում կներկայացվեն ժամանակակից հայ բանաստեղծների Հայաստանի եւ Սփյուռքի մամուլում 2007թ.-ին տպագրված գործերը: Բացի դրանից, կկազմակերպվեն մի շարք քննարկումներ` նվիրված, մասնավորապես, երիտասարդ գրողների խնդիրներին:

«Այսօր Սփյուռքում երիտասարդ սերունդը կանգնած է ուծացման վտանգի առջեւ: Շատ գաղթօջախներում, մասնավորապես, Եվրոպայում եւ Թուրքիայում, երիտասարդ գրողներ եւ գրական վերարտադրություն այլեւս չունենք»,- ասաց Լ.Անանյանը: Միաժամանակ նա նշեց, որ մի շարք գաղթօջախներում` Թեհրանում, Բեյրութում, Հալեպում եւ Լոս Անջելեսում, դեռեւս կա երիտասարդ գրական հերթափոխ, որի հեռանկարը, սակայն բավական մշուշոտ է:

Լ.Անանյանը տեղեկացրեց, որ Գրողների համահայկական հինգերորդ համաժողովը 2010թ.-ին նախատեսվում է անցկացնել Սիրիայում: Նշվեց նաեւ, որ ՀԳՄ-ի նախաձեռնությամբ կազմակերպվող Օտարագիր հայ գրողների համաժողովը հաջորդ տարի կանցկացվի ԱՄՆ-ում:

No comments: