Sunday, April 20, 2008

Էդ. Նալբանդյան. «ԼՂ կարգավիճակի հարցը պետք է լուծվի պլեբիսցիտի միջոցով»

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ /18-04-2008/ գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ «Հայաստանը պատրաստ է շարունակելու առկա խաղաղ գործընթացը` ԼՂ հակամարտության լուծումը գտնելու համար:
Սակայն միայն մեր պատրաստակամությունը բավարար չէ: Այդ լուծումը գտնելու համար անհրաժեշտ է նաեւ Ադրբեջանի պատրաստակամությունը: Ես կցանկանայի հավատալ, որ Ադրբեջանի իմ գործընկերոջ հետ միասին մենք կցուցաբերենք պատասխանատու մոտեցում, մի կողմ դնելով մամուլի եւ հայտարարությունների միջոցով խոսելն ու հրապարակայնորեն միմյանց դասեր եւ խորհուրդներ տալը: Անհնար է փոխզիջման կոչեր անել եւ միաժամանակ հայտարարել, որ լուծումը կլինի միայն մի կողմի օգտին, խոսել կոնստրուկտիվիզմի մասին եւ դրա հետ մեկտեղ հնչեցնել ռազմատենչ հայտարարություններ եւ բացեիբաց պատերազմի պատրաստվել: Ինչո՞ւ է դա արվում: Չեմ կարծում, որ աշխարհում կա մեկ այլ պետություն, որը պարծենում է իր ռազմական բյուջեն մի քանի անգամ ավելացնելու հանգամանքով»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:

«Բանակցությունների առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եւ այն պետք է լուծվի խաղաղ գործընթացի արդյունքում` պլեբիսցիտի միջոցով, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավորություն կտա ազատ արտահայտելու իր կամքը, ինչն էլ բանակցային այս փուլի էությունն է: Կարծում եմ, որ լուծման հնարավորությունն այսօր առկա է, եւ քաղաքական կամքի դրսեւորման դեպքում մենք կկարողանանք հասնել դրան»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը :

Անդրադառնալով հայ- թուրքական հարաբերություններին՝ արտգործնախարարը հաստատել է առանց նախապայմանների
Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երեւանի պատրաստակամությունը:
«Ցեղասպանությունը մեր ընդհանուր պատմության սեւ էջն է, եւ մենք պետք է միասին շրջենք այդ էջը, միասին կառուցենք մեր ապահով ապագան: Կցանկանայի եւս մեկ անգամ վերահաստատել առանց որեւէ նախապայմանի հարաբերությունները զարգացնելու մեր պատրաստակամությունը: Հայաստանը կշարունակի համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Մեզ համար առաջնային կարեւորություն է տարածաշրջանում կայունության եւ տեւական խաղաղության հաստատումն ու համագործակցության ծավալումը»,- հայտարարել է հայկական դիվանագիտության ղեկավարը:

«Ռազմավարական առումով, Հարավային Կովկասը կարեւոր է ոչ միայն իր աշխարհագրական դիրքի եւ բնական հարուստ պաշարների առումով, այլ նաեւ այն բանի շնորհիվ, որ այստեղով են անցնում Հարավ-Հյուսիս եւ Արեւելք-Արեւմուտք կապող առանցքային ուղիները, որոնց լիարժեք օգտագործումը հնարավոր է միայն հակամարտությունների հաղթահարման եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման միջոցով: Դրանից կշահեն բոլորը: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է գործադրել ամեն ջանք այդ օրը մոտեցնելու համար»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է նաեւ, որ «Ռուսաստանի հետ մեր առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը բոլոր ուղղություններով կշարունակվի ամրապնդվել` հիմնվելով մեր ժողովուրդների ավանդական կապերի վրա: Հայաստանը հետամուտ է լինելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը եւ համագործակցության սերտացմանը»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ «Հայաստանը կշարունակի եվրոպական ընտանիքին մերձենալու իր հետեւողական քայլերը` հենվելով եվրոպական կառույցների եւ կամակերպությունների հետ համագործակցության շրջանակներում մեր վրա վերցված պարտավորությունների եւ այն ընդհանուր արժեքների վրա, որոնք մենք կիսում ենք»:

ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Հայաստանի դեսպանների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը շեշտակի փոփոխության չի ենթարկվելու, «շարունակվելու է բարեկամ եւ գործընկեր երկրների հետ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ավելի խորացումն ու ամրապնդումը, գործուն ներգրավվածությունը միջազգային կազմակերպություններում»:
«Հայաստանը կարեւորում է կապերն այն անմիջական հարեւան պետությունների հետ, որոնց հետ գործընկերությունը կրում է բարեկամական բնույթ եւ պատրաստ է ամեն ջանք գործադրելու` բարելավելու հարաբերություններն այն հարեւանների հետ, ում հետ դեռ կան խնդիրներ»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը

No comments: