Monday, April 21, 2008

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

Հայկական շոու բիզնեսի աստղերի քաղաքացիական կեցվածքի մասին խոսելը երեւի թե անշնորհակալ գործ է: Նրանք այդ կեցվածքի ժամանակը չունեն, քանի որ գործը շատ է. գիշերն ասենք ինչ որ իշխանավորի ակումբում ես երգում, կամ ռեստորանում, իսկ ցերեկն էլ նույն այդ իշխանավորի նախընտրական համերգին: Գործն իսկապես շատ-շատ է, ինչի մասին օրերս Հայելի ակումբում խոսել է մեր շոու բիզնեսի հնաբնակներից մեկը, Նունե Եսայանը, գոհունակություն հայտնելով ներկայիս կյանքից եւ այդպիսով հիմնավորելով, թե ինչու են աստղերը ընտրել Սերժ Սարգսյանին: Ինչպես ասում են, աստղեր են, կընտրեն, անց կկենան, սարսափելի չէ: Սարսափելին թերեւս այլ բան է, որ հնչել է Նունե Եսայանի շուրթերից: Ինչպես փոխանցում է այդ միջոցառումը լուսաբանող մամուլը, Նունե Եսայանը խոսելով իր ընտրած իշխանության ուժային գործողության հետեւանքով զոհվածների մասին, ասել է. «Մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվել, շատ սխալ են արել: Նա, ով զոհվել է, պետք է այնտեղ չլիներ»:
Իսկ ուր պետք է լինեին այդ մարդիկ: Ինչ խորհուրդ կտա Նունե Եսայանը մարդկանց` ինչ չափանիշով ընտրել գտնվելու վայրը: Արդյոք կարող են մարդիկ օրվա ցանկացած ժամի զանգահարել Նունե Եսայանին եւ հարցնել, թե որտեղ կարելի է լինել, որտեղ է ապահով, եւ որտեղ չի կարելի, քանի որ կա զոհվելու վտանգ: Իսկ ինչ գիտե Նունե Եսայանը` պետք էր այնտեղ լինել, թե ոչ: Միգուցե Նունե Եսայանին հայտնի էր, որ այնտեղ չի կարելի լինել, որովհետեւ այնտեղ եղածներին ծեծելու են, վիրավորելու են ու սպանելու են: Բայց ինչ իմանային մարդիկ: Նունե Եսայանն ու իր գործընկերները երեւի թե ավելի լավ են ճանաչում այն իշխանությանը, որին ընտրել են, ու թերեւս դրա համար էլ գիտեն, որ այնտեղ, ուր իշխանությունն է, քաղաքացին պետք է գործ չունենա, քանի որ կյանքին վտանգ է սպառնում: Բայց գոնե այդ դեպքում աստղերը կարող էին ինչ որ ձեւով զգուշացնել քաղաքացիներին: Չէ որ զոհերից ոմանք միգուցե հենց Նունե Եսայանի ունկնդիրն էին, միգուցե նույնիսկ երկրպագուն: Թեեւ Եսայանն ու մյուս աստղերը երեւի թե մտածում են, որ իրենց ունկնդիրներն ու երկրպագուները որեւէ այլ տեղ չեն լինում, չպիտի լինեն, բացի իրենց համերգներից:
«Մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվել, շատ սխալ են արել: Նա, ով զոհվել է, պետք է այնտեղ չլիներ»: Իսկ որն է ճիշտը, հարգարժան տիկին Եսայան: Որն է ճիշտը, ով է որոշում այդ ճիշտը, ինչ չափանիշով: Արդյոք ճիշտը գիշերային ակումբներում լինելն է, ուր փող են աշխատում մեր աստղերից շատերը, թե ճիշտը Ամերիկայում լինելն է` Սփյուռքի հայրենասիրական զգացմունքների վրա խաղալը, ինչով փող են աշխատում մեր աստղերը: Որն է ճիշտը: «Ինչ է սեւ-սպիտակը, եւ ինչ է լույսն ու ստվերը»: Միգուցե իր գործընկերների երգի բառերով կատարված հարցադրումը արժանանա Նունե Եսայանի պատասխանին: Իսկ միգուցե ճիշտը լռելն է, եթե չես երգում, կամ երգելը` եթե չես լռում:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: