Saturday, July 26, 2008

ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՍԿՍՎԵԻ ՏՐԱՊԻԶՈՆԻ ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԴԵՄ

ՏՐԱՊԻԶՈՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Որոշում է կայացվել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի առնչությամբ իրենց պարտականությունների մեջ թերանալու մեղադրանքով հետաքննություն սկսել նահանգի ժանդարմերիայի նախկին հրամանատար գնդապետ Ալի Օզի եւ հատուկ ծառայության պետ կապիտան Մեթին Յըլդըզի դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, հայտնել է Տրապիզոնի նահանգապետ Նուրի Օքութանը:Ինչպես հաղորդում է «Զաման» օրաթերթը, գնդապետ Ալի Օզն այսօր կանչվել է դատարան, որտեղ վկայություններ է տվել:Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 20-ին Տրապիզոնի դատարանում տեղի էր ունեցել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի առնչությամբ իրենց պարտականությունների մեջ թերանալու մեղադրանքով դատարանի առջեւ կանգնած նահանգի ժանդարմերիայի երկու աշխատակիցների` Օքան Շիմշեքի եւ Վեյսալ Շահինի գործի հերթական դատալսումը, որի ժամանակ երկու ամբաստանյալներն էլ ապշեցրել էին իրենց ցուցմունքներով:Կասկածյալները մանրամասն պատմել էին, թե իրենք ինչպես են կապեր հաստատել Դինքի սպանության գլխավոր մեղադրյալներից Յասին Հայալի ազգական Ջոշքուն Իղջիի հետ, թե ինչպես է վերջինս իրենց իրազեկել խմբագրապետի սպանության մասին: Մեղադրյալները հայտնել էին, որ այդ լուրը ստանալուն պես այդ մասին անմիջապես տեղեկացրել էին Տրապիզոնի ժանդարմերիայի հատուկ ծառայության պետին` կապիտան Մեթին Յըլդըզին: Ամբաստանյալների վկայության համաձայն, Դինքի ծրագրվող սպանության մասին հայտնի է եղել նաեւ Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար գնդապետ Ալի Օզին, անվտանգության վարչության պետ մայոր Ալի Օղուզ Չաղլարին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ կապիտան Հյուսամեթթին Փոլաթին, ինչպես նաեւ ժանդարմերիայի մի շարք աշխատակիցների:

No comments: