Վրաց-ռուսական հակամարտությունն ակնհայտորեն նոր իրավիճակ է ստեղծել աշխարհում, մասնավորապես Հարավային Կովկասում: Այդ իրողության ֆոնին բավական հետաքրքրական է դառնում, թե արդյոք, ի վերջո, ինչն էր պատճառը, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունը, անվտանգության պատասխանատուները, տարածաշրջանում եւ աշխարհում այդ էական փոփոխությունների պարագայում իրենց երկրում չէին, այլ գտնվում էին, եւ փաստացի մինչեւ իրադարձությունների բուռն զարգացման վերջն էլ մնացին Պեկինում: Արդյոք դա քաղաքական կեցվածք էր, դիրքորոշում, ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալու ձեւ, թե պարզապես անտարբերություն, իրավիճակին անհամարժեքություն, անպատասխանատվություն, փախուստ իրականությունից:
Այն, որ Հայաստանի իշխանությունը համարժեք չէ ներքին իրողություններին, դա կարծես թե աներկբա է: Դրա մասին են վկայում իշխանության բարձրագույն եւ միջին կարգի ներկայացուցիչների դատողությունները հասարակական տրամադրությունների, պատկերացումները հասարակական ընկալումների եւ դժգոհության մասին, ինչպես նաեւ այդ դատողություններից ու պատկերացումներից բխող գործողությունները, որոնք ոչ մի կերպ չեն նվազեցնում հանրության դժգոհությունը:
Սակայն կարծես թե մեր իշխանությունը համարժեք չէ նաեւ համաշխարհային եւ տարածաշրջանային գործընթացներին: Այլապես դժվար է հասկանալ, թե ինչպես է երկրի վերնախավը բացակայում երկրից, երբ մեր շուրջը տեղի են ունենում զգալի մասով մեզ հենց ուղղակի առնչվող գործընթացներ, երբ տարածաշրջանը կանգնում է փաստացի ստատուս-քվոյի փոփոխության հեռանկարի առաջ, երբ կիրառվում է հեռահար նպատակի համար սառեցված հակամարտությունները ռազմական ճանապարհով սառցազերծելու մեթոդիկա: Եթե ենթադրենք անգամ, որ Պեկինում գտնվելն ու օլիմպիադային անվրդով հետեւելը Հայաստանի իշխանության դիրքորոշումն էր, այն առումով, որ մեզ խաղաղությունն է ավելի շատ հետաքրքրում, քան պատերազմը, այդուհանդերձ, ամեն մեկն ինչ որ քայլ պետք է անի իր հետաքրքրության ուղղությամբ: Իսկ Հայաստանը, երբ տարածաշրջանում մոլեգնում էր պատերազմը, որեւէ քայլ չարեց խաղաղության ուղղությամբ, թեկուզ մի հայտարարության տեսքով:
Իհարկե, պարզ է որ Հայաստանի քայլից ոչինչ էլ կախված չէ, որ ոչ մեկը, առավել եւս հակամարտության կողմերը, Հայաստանի հայտարարությանն ուշադրություն չէին էլ դարձնի: Սակայն դա դեռ չի նշանակում, որ կարելի էր ջայլամի նման գլուխը կոխել Պեկինի աղտոտված մթնոլորտի մեջ եւ ցույց տալ, թե իբր այն, ինչ կատարվում է երկրի սահմանից մի քանի հարյուր կիլոմետր հյուսիս, մեր հարավին էլ չէ: Մինչդեռ տպավորությունն այն է, որ Հայաստանի իշխանությունը հենց դա էլ ուզում էր ցույց տալ բոլորին, թե սեփական հանրությանը, թե Ամերիկային, թե Եվրոպային, թե Ռուսաստանին, թե Վրաստանին, թե Ադրբեջանին, թե Թուրքիային:
Անկասկած հարց է առաջանում, թե ինչ կարող էր անել Հայաստանը պարզ հայտարարությունից բացի: Թերեւս ժամանակն է, որ մենք հասկանանք, որ իրականում հայտարարություն ասվածը ամենեւին էլ երկրորդական կամ երրորդական իրողություն չէ, որ կիրառվում է միջազգային կամ ներքին քաղաքական կյանքում: Ինչ է հայտարարությունը: Հայտարարությունը խոսք է, իսկ խոսքը, ինչպես հայտնի է, «ի սկզբանե» էր: Այսինքն, ամեն ինչի սկիզբը, հիմքն է խոսքը: Աստված աշխարհը խոսքով է ստեղծել` «եղիցի լույս», մինչդեռ մեզ մոտ, շատերը, այդ թվում գուցե իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից, թերեւս կարծում են, որ դա ընդամենը Պարույր Սեւակի բնաստեղծական ժողովածուի վերնագիր է, ոչ թե աշխարհաստեղծ խոսք: Եվ քանի որ խոսքի արժեքը Հայաստանի իշխանությունը չի գիտակցում, ապա նրա կատարած գործն էլ միշտ լինում է անարժեք, որովհետեւ զուրկ է կարեւորագույն հիմքից` խոսքից: Եվ դա թե ներքին, թե արտաքին քաղաքականության ասպարեզում: «Երկրորդ սերնդի բարեփոխումների» կամ «բարեշրջումների» մասին տրիվիալ ձեւակերպումները իրականում ամենեւին էլ խոսք չեն, որ անում է մեր իշխանությունը: Դրանք բառեր են, որ գուցե իշխանավորները, ի տարբերություն այլ իշխանավորների, ոչ թե փողոցային ժարգոնի մեջ են որոնում, այլ պատմական կամ գրական աշխատություններում: Սակայն բերանից ելած ամեն բան դեռ խոսք չէ, եթե այն սերտ կապված չէ մարդու հոգու, սրտի ու մտքի հետ:
Մինչդեռ, տարածաշրջանում լարված իրադրության փոքր ինչ ապառազմականացումից օրեր անց էլ, ինչպես որ ներքին լրջագույն խնդիրների պարագայում, Հայաստանի հասարակությունն այդպես էլ չգիտե, թե իրավիճակի կապակցությամբ ինչ կա Հայաստանի իշխանության հոգում, սրտում եւ մտքում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, August 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment