Tuesday, December 16, 2008

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ Է 4 284 ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Գյումրիի քաղաքապետարանի անօթեւանության ցուցակում գրանցված է 4284 անօթեւան ընտանիք: Ըստ «Արմենպրեսի», սա ՀՀ կառավարության սահմանած ժամկետում` մինչեւ 2008 թվականի նոյեմբերի 1-ը, գրանցված անօթեւան ընտանիքների թիվն է, սակայն քաղաքապետարանը դիմել է կառավարությանն անօթեւանության ցուցակում ընդգրկվելու ցանկություն հայտնած եւս 148 ընտանիքի գրանցելու առաջարկով: Վերջիններս մինչ նախանշված ժամկետը չեն գրանցվել փաստաթղթային խնդիրների պատճառով: Գյումրիում տնակներում են բնակվում ոչ միայն 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած եւ անօթեւան համարվող ընտանիքները, այլեւ անօթեւան չհամարվող, բայց բնակարանի կարիք ունեցողները: Ըստ ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Կառլեն Գեւորգյանի` կառավարությունը պարտավորվել է մինչեւ 2013 թվականը լուծել երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում: Ծրագիրն արդեն մեկնարկել է: Գյումրիում որոշված է կառուցել մինչեւ 3 հազար բնակարան:

No comments: