Monday, December 8, 2008

«ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ԳԵՐԱԴԱՍԵԼԻ Է ՍԵՓԱԿԱՆ ՓՈՂԿԱՊԸ ԾԱՄՈՂ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՑ»

«Ճգնաժամը կարող է խարխլել ժողովրդավարության հիմքերը» Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի տնտեսական գործերի եւ զարգացման հարցերի հանձնաժողովը երեկ Փարիզում հրապարակել է զեկույց, որի համաձայն` ներկայիս համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կարող է երկար տեւել: Ըստ զեկույցի, ճգնաժամի հետեւանքով Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում արդեն գրանցվել է կենսամակարդակի էական անկում, եւ դրա հետագա խորացումը կարող է աղետալի ազդեցություն գործել եւ խարխլել ժողովրդավարության հիմքերը: Տնտեսական իրավիճակի վատթարացումը կհանգեցնի զանգվածային գործազրկության, մարդկանց կզրկի մեծ ջանքերի գնով ձեռք բերած ունեցվածքից, ավելի ծանր կդարձնի նյութապես անապահովների վիճակը: Զեկույցի հեղինակների համոզմամբ` պետական իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունները եւ քաղաքացիներին չեն նախազգուշացրել ֆինանսական շուկաներում ի հայտ եկած վտանգների մասին: Հանձնաժողովը զեկույցում ափսոսանք է հայտնում, որ նոյեմբերի 15-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում 20 առաջատարներ երկրների ընդունած գործողությունների ծրագրում տեղ չեն գտել ճգնաժամի ժամանակաշրջանում մարդկանց սոցիալական եւ տնտեսական իրավունքների պաշտպանության մասին դրույթներ: Հանձնաժողովը ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների իշխանությունները պատասխանատվություն են կրում իրենց քաղաքանցիների սոցիալական իրավունքների պաշտպանության համար: Հանձնաժողովը պահանջում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը անպայման ընդգրկել 2009 թվականի հունվարին կայանալիք ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի օրակարգում: Արեւմուտքի երկրները հրաժարվում են աջակցել Վրաստանի այժմյան վարչակազմին: Նման տեսակետ է հայտնել ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: «Ես հանդիպել եմ մի շարք քաղաքական գործիչների ու դիվանագետների եւ անգամ նրանք, ովքեր միշտ եղել են Սահակաշվիլիի կողմից, սկսել են ծիծաղել նրա վրա»,- ասել է Ռոգոզինը: Նա հիշեցրել է, որ այսօր պետք է հավաքվեն, «ՆԱՏՕ-ում Վրաստանի այսպես կոչված բարեկամները», սակայն «ամենայն հավանականությամբ, նրանք արդեն լրջորեն հիասթափված են անձամբ Սահակաշվիլիի հետ կապված հեռանկարներից»: «Սահակաշվիլին ինքը հասկանում է, որ ,վաշինգթոնյան մարզկոմըե, ինչպես մենք ենք նրան փաղաքշաբար անվանում, արդեն այլ որոշում է կայացրել, արդեն պատրաստվում է այլ առաջնորդ Վրաստանի համար»,- ասել է Ռոգոզինն ու հավելել, որ ամենայն հավանականությամբ խոսքը գնում է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ ընդդիմադիր գործիչ Նինո Բուրջանաձեի մասին: «Նա անցել է ԱՄՆ-ի դիտարկումը, որտեղ նրան հավանել են: Կարծում եմ, որ Արեւմուտքի համար դա կլինի լավագույն այլընտրանքը, քան սեփական փողկապը ծամող պարոն Սահակաշվիլին»,- ընդգծել է ռուս դիվանագետը:

No comments: