Saturday, October 31, 2009

ՈՒՆԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԴՔԱՆ ՈՒԺ

«Լրագիր» 29-10-2009- Հայաստանը Թուրքիայի հետ չի քննարկում Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Հայաստանի իշխանությունն այդպես է պատասխանում այն պնդումներին, թե Թուրքիան արդեն ներգրավվել է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի մեջ: Այդ իրավիճակն արդեն դարձել է գրեթե մեխանիկա՝ թուրքերը հայտարարում են, որ Ղարաբաղի գործընթացի մեջ են, Հայաստանի ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է այդ խայտառակության համար, իսկ իշխանությունն էլ հայտարարում է, որ Թուրքիայի հետ չի քննարկում Ղարաբաղի հարց: Այդպես կարուսելի նման պտտվում են հայտարարությունները, իսկ ամեն մի պտույտի հետ էլ այդ շրջանից դուրս է մնում տրամաբանությունը: Օրինակ, ինչպես կարելի է հայտարարել, որ Թուրքիայի հետ Հայաստանը չի քննարկում Ղարաբաղի հարցը, եթե Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ հայտարարեց, որ Թուրքիայի նախագահին առաջարկել է աջակցել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Պատկերացնում եք՝ Սերժ Սարգսյանն առաջարկում է թուրքերին աջակցել Ղարաբաղի կարգավորմանը: Թուրքերը բնականաբար կհարցնեն, թե ինչ աջակցության ակնկալիք կա, հատկապես որ պարագայում, որ ուղղությամբ, ինչ ձեւով: Բայց Հայաստանը պատասխանում է, թե ինքը որեւէ բան չի պատրաստվում քննարկել: «Մենք ձեզ հետ քննարկելու բան չունենք, աջակցում եք՝ աջակցեք, չեք աջակցում՝ մի աջակցեք»: Մոտավորապես դա է ստացվում, երբ համադրում ենք աջակցության առաջարկի մասին եւ նաեւ Թուրքիայի հետ Ղարաբաղի հարց չքննարկելու մասին Հայաստանի իշխանության հայտարարությունները: Կա՞ արդյոք դրանց միջեւ տրամաբանական կապ: Հազիվ թե: Տրամաբանությունը թերեւս մեկ այլ, մի ինչ որ տեղ է, որտեղ Հայաստան եւ Թուրքիա, կամ առնվազն Հայաստան գոյություն չունի: Հակառակ պարագայում Հայաստանի իշխանությունն իր որեւէ բացատրության մեջ շատ ավելի տրամաբանական բաներ կասեր: Իսկ տրամաբանությունը բացակայում է, որովհետեւ Հայաստանն ինքն էլ չգիտե, թե ինչ կա ասելու: Օրինակ, եթե մի պահ ենթադրենք, որ Հայաստանն այնքան ուժ է գտել իր մեջ, որ Թուրքիայի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը: Արդյոք այդ ամենը ողբերգական իրողություն է, արդյոք դա միայն ու միայն դիվանագիտական ձախողման հարց է: Իհարկե ոչ: Ի վերջո, չէ որ մենք Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակ ենք համարում այն, որ նա Ղարաբաղի փոխարեն բանակցությունը վարում է Հայաստանի հետ, խնդիրն այդպիսով տեղափոխելով տարածքային վեճի հարթություն: Իսկ ինչ կլինի, եթե այդ դեպքում էլ Հայաստանը որոշի բանակցել ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ: Իսկ Ադրբեջանը թող գնա ինչ ուզում է անի: Սա առաջին հայացքից կարող է թվալ աբսուրդ իրողություն: Բայց իսկական նախաձեռնողականությունը հենց դա կլինի, ոչ թե համաշխարհային կոնյուկտուրայից բխող հրավերներ ուղղելը եւ հետո պարզապես այդ ամենի հետեւից վազելը: Ունի արդյոք Հայաստանն այդքան ուժ, որ կարողանա իրեն այնքան բարձր դասել, որ Ղարաբաղի հարցն այլեւս քննարկի ոչ թե Ադրբեջանի, այլ նրա «մեծ եղբոր»՝ Թուրքիայի հետ: Կարող է արդյոք Հայաստանն այդքան «մեծ» գտնվել: Հազիվ թե: Հայաստանի իշխանությունը մասնագիտացել է միայն անտրամաբանական հերքումների եւ բացատրությունների գործում, սարսափելով իր իսկ ստվերից: Այո, Թուրքիան Ղարաբաղի հարցում ունի ադրբեջանամետ դիրքորոշում: Դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Բայց այդ դեպքում, եթե ընդհանրապես կա հայ-թուրքական բանակցություն, ապա միանգամայն տրամաբանական է, որ դրանում տեղ ունի նաեւ Ղարաբաղի խնդիրը: Նախապայման կլինի դա, թե ոչ, բայց ավելորդ է մտածել, թե այդ հարցում Ղարաբաղ չի կարող լինել: Հետեւաբար անիմաստ հերքումների փոխարեն գուցե պետք է հստակ ի ցույց դնել, թե հատկապես ինչ ռակուրսով, ինչ բովանդակությամբ է առկա Ղարաբաղի խնդիրը հայ-թուրքական հարաբերության մեջ: Այսինքն, խնդիրն այն չէ, թե Ղարաբաղը առկա է կամ առկա չէ: Խնդիրն այն է, թե ինչ կարգավիճակով, ինչ բնույթով, ինչ ընդգրկումով եւ ինչ տեսանկյունով է Ղարաբաղի խնդիրը առկա հայ-թուրքական հարաբերության մեջ: Դրանով է թերեւս պայմանավորված լավն ու վատը, վտանգավորն ու շահավետը, ոչ թե ընդհանրապես առկա լինել-չլինելով: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: