Wednesday, December 17, 2008

Համաշխարհային բանկի տնօրենը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմեն Վարուդակիսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հ. Հակոբյանը կարեւորել է Համաշխարհային բանկի դերը Հայաստանում ծրագրերի իրականացման գործում: Նա հյուրին ներկայացրել է սփյուռքի նախարարության այն ծրագրերը, որոնք հնարավոր է հովանավորվեն ՀԲ-ի կողմից: Նախարարը հատկապես կարեւորել է սփյուռքում կրթական հիմնախնդիրներին ուղղված ծրագրերը եւ հեռավար (դիստանցիոն) ուսուցման կազմակերպումը: Ա. Վարուդակիսը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ առաջիկա 4 տարիներին բանկի կողմից երկրին օժանդակության ռազմավարության (ԵՕՌ) շրջանակներում նախատեսվող ծրագրերը: Նա նշել է, որ բարձրագույն կրթութան ոլորտում իրականացվելու են կարեւոր ծրագրեր, իսկ ընդհանուր նպատակը կրթական որակի բարձրացումն է եւ' նախադպրոցական, եւ' հանրակրթության ոլորտներում: Կողմերը քննարկել են նաեւ բարձր տեխնոլոգիաների միջոցով համահայկական մասնագիտական ցանցի ստեղծմանը, ինչպես նաեւ տեսակոնֆերանսների, հեռուստակամուրջների կազմակերպմանը վերաբերող հարցերում համագործակցության եզրերը: Ա. Վարուդակիսը կարեւորել է նախարարության նախաձեռնություններն ու առաջարկությունները եւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու նրա ծրագրերի իրականացմանն ու կապերի խթանմանը:

No comments: