Thursday, January 26, 2012

Ինչ եղանակով Բակո Սահակյանը կմեկնի

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման նոր ժամկետ է հայտարարվել՝ 2012 թվականի հունիս-հուլիս: «Լրագիր» 25-1-2012-Ինչպես հայտնի է, օդանավակայանը պետք է շահագործվեր դեռեւս 2011 թվականի մայիսին, իսկ Սերժ Սարգսյանն էլ խրոխտ հայտարարեց, երբ ադրբեջանցիները սպառնում էին հարվածել ԼՂՀ թռչող օդանավերին, որ ինքն է լինելու դրանց առաջին ուղեւորը: Բայց, Սերժ Սարգսյանի կյանքը փորձության չենթարկվեց, որովհետեւ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման ժամկետը հետաձգվեց: Հետաձգվեց անորոշ ժամանակով, իսկ հիմա էլ հայտնվում է նոր ժամանակ՝ հունիս-հուլիս: Կասկած չկա, որ խնդիրը ոչ թե օդանավակայանի նորոգման եւ հագեցման աշխատանքն է, այլ քաղաքականությունը: Օդանավակայանի շահագործումը կձգձգվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ու Ղարաբաղը դրա համար չեն ստանա Մինսկի խմբի համանախագահների հավանությունը: Հատկանշական է, որ Ադրբեջանը ինչպես սպառնում էր հնարավոր օդանավերին, այդպես էլ հանկարծ լռել է եւ այլեւս օդանավակայանի մասով սպառնալիքներ կարծես թե չի տեղում: Կամ համանախագահները կարողացել են համոզել Ադրբեջանին, որ չարժե աղմկել եւ բռունցքներ թափահարել կռվից հետո, կամ էլ հավաստիացրել են, որ ինչքան էլ օդանավակայանը հայերը նորոգեն, միեւնույն է Մինսկի խմբի հավանությունը չեն ստանա: Իսկ հնարավոր է արդյոք առանց այդ հավանության, կամ թեկուզ այդ խմբի ընդամենը մեկ անդամի հավանությամբ շահագործել օդանավակայանը: Իհարկե հնարավոր է, բայց նաեւ անկասկած է, որ դա իր մեջ կպարունակի ռիսկի զգալի տարրեր: Ընդհանրապես, պե՞տք էր արդյոք օդանավակայանը Ստեփանակերտին: Այն, որ օդանավակայանն ընդհանրապես պետքական բան է, իհարկե անհերքելի է, բայց եթե դրա շահագործման ժամկետները պետք է պարբերաբար ձգձգվեն, եւ օդանավակայանը դառնա ընդամենը ցուցապաստառի պես մի բան, ապա դա արդեն այնքան էլ լուրջ չէ, այլ ավելի շատ ծիծաղելի: Շատ ավելի լուրջ է օրինակ Հայաստան-Ղարաբաղ երկրորդ ավտոճանապարհի կառուցման ծրագիրը, որը պետք է անցնի Քարվաճառով: Շատ ավելի լուրջ կլիներ, եթե Ստեփանակերտի օդանավակայանի վրա ծախսվող փողն ուղղվեր ավտոճանապարհի շինարարությանը: Այն կարծես թե մեկնարկել է, եւ գուցե արժեր այդ փողով պարզապես արագացնել այն, կամ սկսած լինել վաղուց: Արժե նաեւ մտածել Ղարաբաղի հետ կապված ցամաքային այլ ռազմավարական ծրագրերի իրականացման մասին, արժե մտածել օրինակ արդեն իսկ զգալիորեն վնասված հյուսիս-հարավ ղարաբաղյան ավտոճանապարհի մասին, Ղարաբաղի ներսում նոր ավտոճանապարհների մասին: Ղարաբաղում փող ծախսելու ռազմավարական այնքան թիրախներ կան, որ կարելի էր օդանավակայանի ծախսը մի քանի տարով հետաձգել, դրանից Ղարաբաղի անվտանգության մակարդակը հաստատ չէր տուժի, չէր տուժի նաեւ բնակչության բարեկեցության մակարդակը, ինչպես նաեւ չէր վնասվի Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, առավել եւս, որ այդպիսի գործընթաց կարծես թե չկա էլ: Հազիվ թե ճանաչումը մոտենա, եթե ասենք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երկիրը լքի եւ միջազգային դրամահավաք շրջագայությունների մեկնի ոչ թե մեքենայով, այլ օդանավով: Այլ կերպ ասած, Ստեփանակերտի օդանավակայանն ավելի շատ թերեւս հայկական «էլիտայի» փառասիրության եւ հարմարամետության, քան Ղարաբաղի ռազմավարական անհրաժեշտությանն է ծառայելու: Իսկ եթե իրապես ծառայելու է դրան, ապա այդ դեպքում առավել քան տարակուսելի է, որ այդպիսի կարեւոր ծառայության օբյեկտի շահագործման ժամկետները պարբերաբար հետաձգվում են: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: