Wednesday, December 17, 2008

ՈՍՏԻԿԱՆԸ ՈՉ ԹԵ ՄԱՀԱԿ, ԱՅԼ ՊԱՇՏՊԱՆ

A1+ -15.12.2008- Մի քանի օր առաջ Աթենքում ավարտվեց ԶԼՄ -ների զարգացման գլոբալ ֆորումը, որին մասնակցում էին 18 երկրների 480 անդամներ, այդ թվում ՙԱ1+՚-ի նախգահ Մեսրոպ Մովսեսյանը: Ֆորումի նպատակն էր քննարկել ԶԼՄ-ների, խոսքի ազատության վիճակը զար•ացող երկրներում, ուղիներ փնտրել խոսքի ազատության իրավունքը եւ լրագրողներին բռնություններից պաշտպանելու համար: ՙՀայաստանը առաջին շարքերում էր` Զիմբաբվեի եւ Ադրբեջանի հետ. մեզ համար ուղղակի ամոթ էր, որ այդ շարքում էինք հայտնվել՚,-ցավով նշեց Մեսրոպ Մովսեսյանը Ֆորումի ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող տարբեր հարցեր եւ իրականացվել է փորձի փոխանակում. ՙԲայց մենք չէինք կարող շատ բան տալ մեր բախտակիցներին, որովհետեւ մեր պայքարի ձեւերը շատ արդյունավետ չեն եղել. միայն Եվրոդատարանի փորձն էր, այն էլ մարդիկ համարում են երկար ճանապարհ խնդրի լուծման համար՚: Ֆորումի աշխատանքները Աթենքում զուգակցվել են հայտնի իրադարձություններով` ՙանկարգություններով՚: Մեսրոպ Մովսեսյանը հետեւել եւ զուգահեռներ է տարել Երեւանում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների եւ Հունաստանում դեկտեմբերի 7-ից սկսված ժողովրդական ընդվզման միջեւ. երկու դեպքում ՙանկագությունները՚ ընդվզում էին անարդարության դեմ: Մեսրոպ Մոսեսյանին զարմացրել էր խորհրդարանի անկախությունը: ՙՀունաստանում օրենք է գործում, համաձայն որի ոստիկանությանը արգելված է մտնել ԲՈՒՀ-եր: Իշխանությունը որոշել էր փոխել օրենքը, բայց ընդդիմությանը հաջողվեց խորհրդարանում վիժեցնել օրենքի առաջարկվող փոփոխությունը. այն ընդհանրապես չքննարկվեց: Ընդ որում, ընդդիմությունը խորհրդարանում մեծամասնություն չի՚,- պատմում է Մեսրոպ Մովսեսյանը: ‎ Նրան նաեւ հիացրել էր հույների համախմբվածությունը. ՙՄի երիտասարդի սպանությունը, որը ծագումով հայ էր, կարողացավ համախմբել ամբողջ ժողովրդին: Մենք չենք կարող երբեւէ ասել, որ միախմբված ենք, մեզ մոտ մեկ ստացվում է համախմբում ընդհանուր նպատակի շուրջ, մեկ չի ստացվում, եթե համախմբվածություն լինի` պայքարը, որ սկսված է եւ շարունակվում է, իր հաղթական ավարտը կունենա՚: Մեսրոպ Մովսեսյանը նաեւ նկատեց, որ հույն ցուցարարները կոտրում էին խանութների ցուցափեղկերը, բայց ոչ մեկը չէր թալանում խանութներ, հակառակը թալանողներին ժողովուրդն ուղղակի ծեծում էր: Ցուցարարների խնդիրը Հունաստանում խանութների հրկիզումն էր, ընդորում` կոտրում էին միայն հարուստների խանութները. ՙԵվ այստեղի թալանը, որ ներկայացվում էր` շինծու էր, որովհետեւ այն, ինչ նկարահանվեց եւ ցուցադրվեց, վկայում է այն մասին, որ դա թալան չէր, տեսախցիկի առջեւ եւ ոստիկանների ներկայությամբ թալանչին երբեք թալան չի անում: Ցուցադրեցին բոլոր հեռուստաալիքներով` հետո հասկանալով թե ինչ են անում` դադարեցրին՚: Մեսրոպ Մովսեսյանին զարմացրել էր ոստիկանների արժանապատիվ պահվածքը. ՙ Ես առաջին ան•ամ ոստիկանության հանդեպ լցվեցի հարգանքով, առաջին անգամ տեսա ոստիկան, որը իրեն պահում է հասարակական կարգը պաշտպանողի դերում, ոչ թե մահակի, պատժիչ ջոկատի, մեզ մոտ ոստիկանությունը ոչ թե կանխում է օրինակ իրավախախտումը կամ հանցագործությունը, այլ պատժում ենթադրյալ իրավախախտողին. տարբերություն կա. ոստիկանները կոչված են ոչ թե պատժելու, այլ կանխելու հանցագործությունը՚: Նա նաեւ նկատեց, որ անկարգությունների օրերին ոչ մի անգամ չտեսավ, որ որեւէ ցուցարարի վրա ոստիկանը զենք բարձրացնի. ՙՄիակ զենքը, որ կիրառվում էր, արցունքաբեր գազն էր: Իսկ միակ ոստիկանը, որ կրակել եւ սպանել էր 15 -ամյա երիտասարդին, այժմ մեկուսարանում է, եւ նա դեռ այնտեղ երկար կկրի իր պատիժը: Ժողովուրդը ցույց տվեց , որ կրակելու համար պետությունը մեծապես կտուժի, եւ պատժեց, հիմա կառավարությունը պետք է պատասխան տա, եւ արդեն պատրաստ է անգամ հրաժարականի՚:

No comments: