Monday, December 8, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՎՈՐ ԿՈՒՅՍԵՐ ԵՆ, ԹԵՐԵՎՍ

Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցության գնացած կուսակցությունների ղեկավարներն առաջինը, որ հայտնում էին խորհրդակցությունից դուրս նրանց սպասող լրագրողներին, այն էր, որ Սերժ Սարգսյանն ի տարբերություն իր նախորդների` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, նախագահության ընթացքում Ղարաբաղի կարեւոր խնդրի կապակցությամբ հաշվի է առնում նաեւ կուսակցությունների տեսակետը: Իհարկե, մեծ, շատ մեծ վեճի հարց է, թե արդյոք Սերժ Սարգսյանին իսկապես հետաքրքրում էր Ղարաբաղի մասին կուսակցությունների ղեկավարների կարծիքը: Այն, որ մարքսիստ Դավիթ Հակոբյանը հիացել է, որ Սերժ Սարգսյանն իր ելույթը լսել է առանց «կացնային» ընդհատումների, կամ այն, որ խորհրդակցությունից Գոլոդոմորի արարողության շտապած Պարույր Հայրիկյանն արձանագրել էր, որ նախագահը գրառում է հետաքրքիր մտքերն ու առաջարկները, դեռ չի նշանակում, թե Սերժ Սարգսյանին իսկապես հետաքրքրել են հնչած կարծիքները: Միգուցե Սերժ Սարգսյանը կուսակցապետերի ելույթները չէր ընդհատում, որովհետեւ ոչ մի կերպ չէր կարողանում ըմբռնել, թե ինչն է դրանց իմաստը, իսկ գրառումներն էլ անում էր, որպեսզի հետո հատկապես անհասկանալի պահերը օգնականների միջոցով փորձի հասկանալ: Բանն այն է, որ մեր կուսակցությունները մտավոր առումով թերեւս կույս են, եւ երբ առաջին անգամ երկրի նախագահը նրանց հրավիրել է կլոր սեղանի մոտ միտք արտահայտելու, հնարավոր է, որ նրանք այդ միտքն այդքան էլ հաջող չարտահայտեն: Սակայն ամեն դեպքում, պարզ է, որ Սերժ Սարգսյանն իսկապես արել է մի բան, որ թե առաջին, թե երկրորդ նախագահը չէին արել իրենց պաշտոնավարման համապատասխանաբար յոթ եւ տասը տարիների ընթացքում: Հավանական է, որ Ղարաբաղի հարցը նրանց պաշտոնավարման տարիներին չի եղել այդօրինակ հանգուցային փուլում, ինչ որ այժմ է, հետեւաբար նրանք չեն ունեցել կլոր սեղանի անհրաժեշտություն, ինչպես ունի Սերժ Սարգսյանը: Սակայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանն այդ հանդիպումից առաջ էր հայտարարել, որ Ղարաբաղի հարցը մոտ ժամանակում չի լուծվելու եւ պահանջելու է տեւական գործընթաց: Հետեւաբար, կուսակցություններին հավաքելու հրատապությունը կարծես թե ավելին չէր, քան օրինակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարբեր ժամանակահատվածներում: Այնպես որ, ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանն իսկապես շատ ավելի հանդուրժող եւ երկխոսող նախագահ է, քան Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը: Սակայն, դա ամենեւին աներկբա չի ենթադրում, որ Սերժ Սարգսյանի համար դա առավելություն է նախորդ երկու նախագահների հանդեպ: Բանն այն է, որ երբ լսում ես Հայաստանի այն հիսուն կուսակցությունների ղեկավարներին, որոնք մասնակցել են հայտնի խորհրդակցությանն ու հետո կարծիքներ են հայտնում դրա եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցի մասին, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին լիովին հասկանում ես, թեեւ իհարկե նրանց կարելի էր հասկանալ անգամ խորհրդակցությունից առաջ էլ: Բանն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, ինչ-ինչ, բայց այդ հարցում թերեւս ցուցաբերել են զարմանալի իրապաշտություն, համարժեքություն իրավիճակին, ռացիոնալ եւ արդարացի կառավարում: Ինչ պետք է լսես այն կուսակցություններից, որ կան այսպես կոչված քաղաքական դաշտում, երբ նրանց բոլորին երջանիկ լինելու համար պետք է ընդամենը տարին գոնե մեկ-երկու անգամ լինել նախագահից քսան-երեսուն մետր հեռավորության վրա: Ինչ կարող են ասել նրանք Ղարաբաղի, կամ պետության համար որեւէ այլ կարեւոր հարցի կապակցությամբ, եթե շաբաթվա յոթ օրվա ընթացքում նրանք պատրաստ են տասը բան ասել, նայած, թե ում պահանջն է ավելի ուժեղ` իրավիճակի, թե իշխանության: Այդ կուսակցությունները, բոլորը թերեւս անխտիր, նույնիսկ իրենց ճակատագրի մասին չունեն ինքնուրույն պատկերացում, ուր մնաց երկրի ճակատագրի: Իհարկե, նրանց ղեկավարներից յուրաքանչյուրը երկրի պատմության այս կամ այն պահին մեծ ծառայություն է մատուցել ազգին ու պետությանը, սակայն ինչ որ մի պահի էլ չի դիմացել գայթակղությանը: Իսկ ինչպես հայտնի է, պատասխանատվություն կրում է թե գայթակղողը, թե գայթակղվողը, եւ ծառայությունն ընկնում է ջուրը: Թրջված ծառայությամբ քաղաքական դաշտին պետք է չորացնել բառիս բուն եւ պատկերավոր իմաստով, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը երեւի թե հենց այդ բանն էլ արեցին, աստիճանաբար չորացնելով քաղաքական դաշտը: Առաջին հայացքից թվում է, թե նրանց արածը պատմական սխալ էր երկրի համար եւ պետք չէր քաղաքական դաշտն աստիճանաբար չորացնել կամ ամայացնել իսպառ, բայց երբ ծանոթանում ես այն ռեսուրսին, որ կա, հասկանում ես, որ դրանից ազատվելու միակ ճանապարհը դաշտի անապատացումն է, որ անգամ արմատի ծվեններ նրանցից չմնան, որպեսզի նոր եւ մաքուր դաշտի լիակատար ձեւավորման համար լինի լիարժեք նախադրյալ եւ երաշխավորված պայմաններ: Թվում է, որ Սերժ Սարգսյանը փորձ արեց վերականգնել այդ չորացած դաշտը եւ փաստացի հակադրվեց Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի վարած հաջորդական քաղաքականությանը: Սակայն իրականում ամեն ինչ տրամաբանական շարունակության մեջ է: Սերժ Սարգսյանը պարզապես հավաքում է քաղաքական դաշտի չորացած ճյուղերը, նույն Տեր-Պետրոսյանին, եւ ինչու ոչ, նաեւ քաղաքականությունից հեռանալ չցանկացող Քոչարյանին տալով իրենց գործը շարունակելու, եւ քաղաքական դաշտը ամեն մեկն իր ժամանակին իր ձեռամբ չորացնելու փոխարեն նոր ծիլեր դնելու հնարավորություն: Այլ հարց է, թե ինչպես կօգտվեն այդ հնարավորությունից Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը: Առաջինը մտմտում է Հայ Ազգային կոնգրեսի վերջնական ձեւավորման վրա, երկրորդը հայտնի չէ, թե ինչ է մտմտում: Դժվար է ասել, թե ինչ է լինելու հայտնի ու անհայտ մտմտոցների վերջը, բայց փաստ է, որ պատմությունը միշտ տալիս է ուղղվելու, շարունակելու շանս: Պարզապես ոչ միշտ է համարժեք ընկալվում այդ շանսը: Ընդ որում, միգուցե երեք նախագահներն այդ ամենն անում էին եւ անում են իրենցից անկախ: Այսինքն, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե Քոչարյանը, թե այժմ էլ Սարգսյանը, երբեք ու ոչնչի մասին չեն պայմանավորվել, գուցե գործում էին ենթագիտակցորեն, նախախնամության կամքով, անգամ ելնելով բացառապես անձնական իշխանության, ոչ թե քաղաքական դաշտի էվոլյուցիայի շահից, բայց կարեւորն այն է, որ պահպանվում է տրամաբանությունը եւ շանս կա, որ այն մի օր կմոտենա իր ավարտին: Թեեւ ակնհայտ է նաեւ, որ տրամաբանությունը զոհեր է պահանջում: Սակայն այլ կերպ չի լինում, քանի որ հաղթանակը երբեք անտրամաբանական չի լինում: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: