A1+. 19.12.2008- «Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մարտի 1-ի զոհերի հիշատակը»,- այսօր «7-ի գործով» դատավարության հենց սկզբում հայտարարեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Նրա այդ առաջարկին բոլորը ենթարկվեցին, ոտքի կանգնեցին գործով անցնող մեղադրյալները, մեղադրողները, դահլիճում ներկա գտնվողները,
Ընդդիմության առաջնորդները, որոնք ներկա էին դահլիճում փորձեցին հանգստացնել վրդովված մարդկանց:
Այս դատավարությունը լուսաբանելու համար ընդհանրապես վատ պայմաններ են ստեղծված` լավ չի լսվում ձայնը, ապակիներով առանձնացված են մեղադրյալները, մեղադրողները, պաշտպանները, իսկ լրագրողները հայտնվել են դահլիճում:
Դատավոր Մարտիրոսյանը սկզբում կողմերին ներկայացրեց իրենց իրավունքները, ներկայացրեց այն մեղադրանքները, որոնք ներկայացված են մեղադրյալներին:
Հենց դատավարության սկզբում Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին եւ հիմնավորեց նրանով, որ «նա մի մարդ է, ով մարտի 1-ի գործով բազմաթիվ մեղադրական վճիռներ է կայացրել եւ նախաքննության ընթացքում խափանման միջոցներ է երկարացրել»:
Այսօրվա դատավարության ընթացքում շատ ակտիվ էր Շանթ Հարությունյանը: Նա չունի փաստաբան եւ իր շահերն ինքն է պաշտպանելու: Իսկ դատավորին դատավարության ընթացքում ասաց, որ եթե իրեն չլսի, նա կգնա նիստերի դահլիճից:Նա ներկայացրեց միջնորդություն` իր գործը մյուսներից առանձին քննելու համար, քանի որ նա պայքարել է Ռուսաստանի դաշնության դեմ եւ իր ամբողջ պայքարը ուղղված է դրան:
Շանթ Հարությունյանը նշեց, որ մարտի 1-ին որոշ մարդիկ գնում էին Ռուսաստանի դեսպանության մոտ, աշխատակիցների հետ վիճաբանության էին մտնում եւ հենց այդտեղ էլ մեկի վրա էլ կրակել են եւ վերջինս ընկել է: Ըստ նրա` շատ հնարավոր է, որ դեսպանությունից արձակված լինի կրակը: Նա միջնորդեց դեսպանության աշխատակիցներին հրավիրել դատարան:
Վիճաբանություն տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի եւ դատավորի միջեւ: Դատավորին կարգի հրավիրեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա հիշեցրեց դատավորին.«Եթե ասում եք հանուն Հայաստանի Հանրապետության, ապա մի մոռացեք, որ մենք` այստեղ գտնվողներս, Հայաստանի Հանրապետության հիմնադիրներն ենք»: Նա հիշեցրեց, որ ինքը` որպես արտգործնախարար, բազմաթիվ պայմանագրեր է կնքել, եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարտավոր էր այդ նորմերը կիրառելով` այդ գործը վարույթ չընդուներ:
Արզումանյանն ասաց, որ ինքը միանում է ինքնաբացարկին:
«Դուք տեղով ինքնաբացարկ եք, լավ կլինի բարոյականություն կիրառեք,ինքնաբացարկ հայտարարեք եւ հեռանաք»,- շարունակեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Այսօր դատարանում զոհվածների հարազատներից Տիգրան Խաչատրյանի մայրը խնդրեց իր շահերի պաշտպան ճանաչել Զարուհի Փոստանջյանին, իսկ զոհվածներից Գոռ Քլոյանի հայրը իր շահերի պաշտպան խնդրեց ճանաչել իրավաբան Արմեն Խաչատրյանին: Այստեղ էր գործով անցնող տուժող ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով ասաց, որ նույնպես միանում է պաշտպանների միջնորդությանը` դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին: Սամվել Հարությունյանի հայրը` Ռոբերտ Հարությունյանը եւս միացավ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը:
Մեղադրողներից ելույթ ունեցավ Կորյուն Փիլոյանը, ով ասաց, որ որեւէ հիմք չի տեսնում Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու համար: Մնացական Մարտիրոսյանը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար:
Saturday, December 20, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment