
«Հետք» էլեկտրոնային պարբերականի խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում կազմվել է հանցագործության մասնակիցներից մեկի նկարագիրը, պարզվել ինքնությունը: Այդ մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում շարունակվող նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք վկաներ՝ դեպքի վայրի հարակից տարածքներում գտնվող շենքերի բնակիչները, կրպակների, հանրային նշանակության օբյեկտների աշխատակիցները: Դեպքի վերաբերյալ գրավոր զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության ուսումնական կենտրոնի տեսուչը, ով ականատես էր եղել լրագրողի նկատմամբ կատարված բռնությանը:
Էդիկ Բաղդասարյանը ճանաչվել է տուժող: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Բաղդասարյանի մարմնական վնասվածքները՝ գանգուղեղային տրավմայի՝ գլխուղեղի ցնցման, գլխի ձախ կողմնա-ծոծորակային շրջանների սալջարդ վերքերի, կրծքային երկրորդ ողի, աջ ուսահոդի շրջանների քերծվածքների, աջից թիակային, աջ ուսահոդի, աջ բազկի շրջանների արյունազեղումների ձեւով, պատճառված են բութ առարկաների ազդեցությամբ: Ծոծրակային շրջանի սալջարդ վերքի եւ կրծքային երկրորդ ողի շրջանի քերծվածքի առաջացումը բացառված չէ լրացուցիչ ուժի ազդեցության պայմաններում, վայր ընկնելու հետեւանքով:
Փորձագետի տեղեկացմամբ՝ մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը հնարավոր է որոշել միայն դեպքից 21 օր հետո՝ դեկտեմբերի 8-ին:
No comments:
Post a Comment