Saturday, February 7, 2009

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԿԱՆԽՈՐՈՇՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ»

Հայտարարել է Անկարայի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Օմեր Էնգին Լյութեմը
Գազայի հատվածում իսրայելական բանակի պատժիչ գործողություններին Թուրքիայի հակազդեցությունը, Դավոսում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի մեղադրական ելույթի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավելի քան համարժեք արձագանքն աննախադեպ սրեցին թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածությունը: Դա ամերիկահայ որոշ շրջանակներում առաջացրեց ոգեւորություն, փոխադարձաբար մտահոգություն պատճառելով թուրքական շրջանակներին: Ինչպես ոգեւորության, այնպես էլ մտահոգության հիմքում Իսրայելի եւ ԱՄՆ-ի հրեական կազմակերպություններիՙ Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու պատրաստակամությունն էր: Ինչ վերաբերում է պաշտոնական Անկարային, ապա նա էլ թուրք խորհրդարանականների պատվիրակություն է գործուղում Վաշինգտոն: Ո՞րն է առաջադրանքը: Հարցին «Միլլիեթի» փետրվարի 4-ի համարում «Հայկական բանաձեւն ու հրեաները» հոդվածով պատասխանել է Թահա Աքյոլը: Նա ընդգծել է. «Թուրքիան այս տարի որոշել է գործի անցնել վաղաժամ, հայկական բանաձեւի ընթացքը կանխարգելելու նպատակով, որն ապրիլին կդրվի օրակարգում: Պատվիրակություն է գործուղում Վաշինգտոն, որպեսզի բանակցություններ վարի ԱՄՆ Կոնգրեսում: Վաղաժամ գործելը դիպուկ որոշում է»: «Ազգը» մի քանի հոդվածներով ցույց էր տվել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը Թուրքիա-Իսրայել լարվածությամբ պայմանավորելու սնանկությունըՙ քննադատելով ամերիկահայ այն շրջանակներին, որոնք ոգեւորվում են այդ լարվածությամբ: Չնայած դրան, որոշ ընթերցողներ, հատկապես Իսրայելում բնակվողները, ցանկատեսությամբ մեզ նույնպես դասում են ոգեւորվողների շարքում, չմոռանալով, իհարկե, արտահայտել Հայաստանի նկատմամբ իրենց անզուսպ հոգատարությունը: Ըստ երեւույթին նրանց չի բավարարել Գազայում Իսրայելի արյունալի գործողություններին տված մեր գնահատականը, առավել եւսՙ իսրայելական «անպարտելի» բանակի պարտության հետեւությունը, ինչպես նաեւ պաղեստինցի կանանց, երեխաների եւ ծերերի անխնա սպանության փաստերի հրապարակումը: Կարելի է հարգել տգիտությունը, եթե դա չի դառնում չարանենգ նկրտումը քողարկելու միջոց: Համենայն դեպս, Թուրքիա-Իսրայել լարվածությունը աննախադեպ սրվել է, եւ դրա պատճառը ամենեւին էլ ամերիկահայ շրջանակները չեն: Պարզապես սրման հետեւանքով է պայմանավորվում այդ շրջանակների ոգեւորությունը, որը թուրքերի պարագայում վերափոխվում է մտահոգության: Սակայն դրա կողքին թուրք-իսրայելական հարաբերությունների շուրջը Թուրքիայում արտահայտվում են նաեւ այլ կարծիքներ, դրանց մեջ թերեւս առանձնակի տեղ ունի Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, նախկին դեսպան Օմեր Էնգին Լյութեմինը: Հունվարի 27-ին «Հրեական աջակցություն ԱՄՆ Կոնգրեսում» հոդվածով Լյութեմը հանդես է եկել ինստիտուտի ամենօրյա տեղեկագրում: Ահա թե ինչ է գրել. «Ճիշտ է, որ ԱՄՆ հրեական կառույցների մեծամասնությունը Կոնգրեսում հակադրվում էր Հայոց ցեղասպանության պնդումները ճանաչելու նպատակ հետապնդելու բանաձեւերին: Սակայն վերջին շրջանում նրանց մոտեցումն սկսեց փոխվել: Անկախ դրանից, որքան էլ ԱՄՆ կառույցները հակադրվեին հայկական բանաձեւերին, չի կարելի նրանց ջանքերին վերագրել այդ բանաձեւերի ընթացքի կանխարգելումը: Օրինակ, այդ կառույցները 2000-ին չկարողացան կանխել բանաձեւի ընդունումը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ու դրա մուտքը միեւնույն պալատի գլխավոր ասամբլեա: Բանաձեւն օրակարգից հանվեց շնորհիվ նախագահ Քլինթոնի անձնական միջամտության: 2007-ին նույնպես համանման բանաձեւն անցավ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից, ընդ որում հանձնաժողովի 8 հրեա անդամներից 7-ը կողմ քվեարկեցին: Եթե դա չի դրվել գլխավոր ասամբլեայի օրակարգում, ապաՙ շնորհիվ նախագահ Բուշի եւ նրա վարչակարգի: Այլ կերպ, ԱՄՆ կոնգրես ներկայացված հայկական բանաձեւերի ընդունման կանխարգելումը պայմանավորված է ոչ թե հրեական կառույցների հակաքայլերով, այլ ԱՄՆ նախագահների միջամտությամբ: Գազայի նկատմամբ թուրքական կառավարության որդեգրած դիրքորոշումը հիրավի անհանգստացրել է ԱՄՆ հրեական կառույցներին: Ուստի կարելի է ենթադրել, որ նրանք այլեւս Կոնգրեսում չեն հակադրվի հայկական բանաձեւերին: Սակայն դա չի ազդի բանաձեւերի ընթացքի վրա, որովհետեւ դրանց ընդունումը կամ մերժումը կախված է լինելու ԱՄՆ նախագահի դիրքորոշումից, ինչպես մինչ այդ եղել էր: Եթե նախագահը չմիջամտի, ապա բանաձեւը կընդունվի, հակառակ պարագայում դուրս կմղվի օրակարգից»: «Ազգ» 6-2-2009- -ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: