Հարցազրույց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ
-2009 թվականի առավել կարևոր իրադարձություններն, ըստ Ձեզ, որո՞նք էին:
-Իմ դիտարկմամբ, տարին երկու հիմանական խնդիր ուներ և հայության, և Հայաստանի իմաստով: Դրանցից մեկը հայտնի հայ-թուրքական արձանագրություններն էին, որոնց շուրջ հասարակության կրքերը բորբոքվեցին և միջազգային հանրության ուշադրությունը սևեռվեց: Արձանագրությունների վերաբերյալ իմ ներսում կա երկվություն: Ես մինչև Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումը գտնում էի, որ դրանք շատ վատ արձանագրություններ էին. հիմա էլ եմ կարծում` ներառված բոլոր հարցադրումները շատ լղոզված են և իրենց ներսում պարունակում են շատ որոգայթներ հենց հայության համար: Ցյուրիխում ստորագրելուց հետո, երբ արդեն ինչ-որ բան վավերացվեց, և չի բացառվում, որ թուրքական մեջլիսը կվավերացնի դրանք, ուրեմն հայկական կողմն էլ կվավերացնի: Այսպիսի նկատառումներով ես արդեն մտածում եմ` եղածը եղած է, պետք է որդեգրել վերաբերմունք ու դիրքորոշում արդեն եղած փաստաթղթի վերաբերյալ, և հենց այսօր մենք շատ ենք հապաղում: Իմ խորը համոզմամբ, Հայաստանը պետք է շատ ակտիվ քաղաքական կուրս վերցնի այս փաստաթղթի ընթացքի վերաբերյալ: Համեմատության համար ասեմ, որ օրինակ Թուրքիան արդեն իսկ այդ կուրսը վերցրել է` անկախ նրանից, նույնիսկ կվավերացնի, թե ոչ: Որքան տեղյակ եմ, հենց հիմա Բրյուսելում թուրքական դիվանագիտությունը բազմաթիվ հնարավորություններ է օգտագործում ահռելի նյութական ծրագրերի բանակցության առումով, թե ինչ պետք է իրականացնի այս արձանագրությունների հետ կապված`ընդհուպ մինչև Ադրբեջանին մղելով իբրև թե ազատագրված տարածքների վերադարձից հետո այդ ազատագրված տարածքների վերականգնման ուղղությամբ ուղղակի փոխպայմանվորվածությունների, որոնք իբրև թե գործընթացի առաջին իսկ քայլ անելուց հետո արդեն պիտի սկսեն ներդրվել: Եթե ուրիշ ոչինչ չկա, ապա սա այն մթնոլորտի ձևավորումն է, որը հիմք է հենց դրանց ընթացքը ապահովելու համար:
-Այսինքն` մենք “տանուլ ենք” տվել:
-Ոչ թե տանուլ ենք տվել, ես ասում եմ, որ Թուրքիան անմիջապես ակտիվ քաղաքական ծրագիր է կայացնում արձանագրությունների հետ կապված իր հետագա քայլերի առումով: Իմ կարծիքով, մենք ոչինչ չենք անում այս ուղղությամբ:
2010-ի Ձեր կանխատեսումները. Ի՞նչ փոփոխություններ կլինեն, շատերն այն անվանում են հայ-ադրբեջանական տարի, մի մասն էլ ասում են` սահմանի բացման երկարաձգման տարի:
Չեմ կարծում` հայ-ադրբեջանական տարի կլինի: Իսկ սահմանը կարող է երկու ամիս հետո էլ բացվի: Չնայած թուրք քաղաքագետները գտնում են, որ ապրիլի 24-ից առաջ էլի որևէ հայտարարություն կլինի գործընթացի շարունակականության մասին, բայց ընդհանուր առմամբ Թուրքիան հեշտ զիջող չէ: Թուրքիային խորապես անհրաժեշտ է, որ Հայաստանի հետ իր հարաբերությունների վերաբերյալ խոսակցությունները ակտիվ շարունակվեն, եթե նույնիսկ ուրիշ որևէ պատճառ չլինի, թեկուզև նրա համար, որ իրենք բավական կոշտացրել են քրդերի հանդեպ վերաբերմունքը` թուրք-քրդական հարաբերությունների աղմուկը մեղմացնելու համար, այսինքն` այն ծածկելով հայ-թուրքական հարաբերությունների ընթացքի աղմուկով: Երկրորդ` Թուրքիան շահեց հենց միայն նրանով, որ հայ-թուրքական հարաբերությունների օբյեկտից վերածվեց սուբյեկտի: Մինչև հիմա աշխարհը քննարկում էր, որ ոմանք պետք է կարգավորեն հայերի և թուրքերի հարաբերությունները, այսօր Թուրքիան ինքն է իր ձեռքը վերցրել հայերի հետ իր հարաբերությունների կարգավորման գործընթացը: Կոպիտ պետք է ասեմ, բայց մենք շարունակ խոսում ենք, որ Ղարաբաղն իր հարցի շուրջ հարաբերությունները կագավորող դիվանագիտական բանակցությունների օբյեկտից պետք է վերածվեր սուբյեկտի, ոչ մի բան այդ ուղղությամբ չենք անում, իսկ Թուրքիան միայն այս մեկ տարվա մեջ դարձավ սուբյեկտ:
Եթե ամփոփեմ, ապա կարծում եմ` տարվա թիվ մեկ խնդիրը հայ-թուրքական արձանագրություններն են:
-Սա արտաքին, իսկ ներքին քաղաքական կյանքում ի՞նչ փոփոխություններ արձանագրեցիք, մասնավորապես կուսակցությունների` մեկը մյուսի հետևից “ընկնելը”:
-Եթե վերադառնանք ներքին խնդիրներին, ապա կարծում եմ` առաջիկայում այդպիսի բաներ լինելու են: Մեր ներքաղաքական հարաբերությունների և կյանքի ճահիճը ի վերջո տանելու է դրան: Ի վերջո, կուսակցությունների քանակական մեծամասնությունը, գործունեության դաշտի պակասն ու սղությունը պետք է հանգեցնեն կուսակցությունների “պայթելուն”, արդեն իսկ լարված կամ ճահճացած հարաբերությունների խզմանը և այլն:
Կարծում եմ` Հայաստանի ներքին կյանքում 2009-ին երկու հիմնական խնդիր էր ուրվագծված և ընթացքի մեջ: Դրանցից մեկը դեռևս 2008-ի “շորշոփներն” էին և քաղբանտարկյալների թեմայի շուրջ կատարվող քննարկումները, խոսակցությունները, դիրքորոշումների ճշտումը, իշխանության վերաբերմուքի փոփոխությունը… այս ամենը հասավ ինչ-որ մի հանգրվան, և կարելի է ասել, որ գործնականում համարյա լռեց թեման: Ուրեմն թեման ակտուալ չդարձավ: Կա խնդրին առանձին էպիզոդիկ անդրադարձ, բայց այն Հայաստանի կյանքի ամենաակտուալ թեմաներից գնաց մի երկու մակարդակ ներքև և դարձավ առանձին անձանց շուրջ խոսակցություն` Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան… Կարծում եմ` պետք է նշել նաև Սամվել Նիկոյանի հանձնաժողովի լղոզված ամփոփումը, որը ըստ էության ոչինչ տվեց: Այսինքն` այս ամբողջ պրոցեսը գնաց հենց նրան, ինչի համար և ծառայում էր` ժամանակ շահել և հարցերը վերադարձնել այնտեղ, որտեղից դրանք սկսվել էին` իհարկե առանց լուծվելու: Ինչո՞ւ առանց լուծվելու, որովհետև ի վերջո եթե այս ամենը չպետք է հանգեցներ նաև հստակեցնելու` ընդդիմադիր ուժը որն է, որտեղ է և ինչ կոնկրետ խնդրի շուրջ և ինչպես պետք է շարունակվի, ապա կարծում եմ` զրոյական մակարդակի է, չկա այս պահին այդ ընդդիմադիր հակակշռող քաղաքական ճակատը:
-Փաստորեն ոչ իրական իշխանություն կա, ոչ էլ իրական ընդդիմությո՞ւն:
- Չէ, մենք լրիվ իշխանական երկիր ենք` մասամբ բռնապետական արտահայտություններով և դրսևորումներով: Կարծում եմ` մեր քաղաքական կյանքը վերադառում է ճահճային քաղաքական իրավիճակի, երբ ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից քաղաքական փոփոխության սպասելիք չկա:
-Այն պատճառով, որ շատերի կարծիքով` ընդդիմությունը մեզանում ատիվանում է ժամանակ առ ժամանա՞կ, ընտրությունից ընտրությո՞ւն:
-Այն պարզ պատճառով, որ իմ խորը համոզմամբ, ընդդիմությունն ուղղակի ռեալ ասելիք չունի, այսինքն` ընդդիմության ասելիքն իշխանության փոփոխության խնդիրն է: Ընդդիմությունը երկրում ընդունվող օրենքների, կատարվող քայլերի, նույն այս հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում չունեցավ. մեկ նալին էին խփում, մեկ մեխին: Առանձին մարդիկ մասնավոր կարծիքներ էին արտահայտում, ինչն ինքնին վկայություն է այն բանի, որ չկա հակակշիռ կարծիք, որը և կարելի էր սպասել: Այս ամենաակտուալ խնդրի շուրջ ընդդիմությունը չունեցավ ասելիք և չկարողացավ քաղաքական հայացք ձևավորել, բացի ընդհանուր հայտարարություններից (գործնականում արդեն որևէ մեկի վրա չազդող), որ երկիրը իր իսկ ձևակերպմամբ շարունակում է մնալ կոռուպցիոն, բռնատիրական: Այսինքն` քայլ չեղավ ոչ աշխարհայացքային, ոչ քաղաքական հստակեցման և դիրքորոշման, ոչ էլ կազմակերպական իմաստով:
Այդ նույն կուսակցությունները, որ իրար հետևից “սնանկանում են”, “պայթում են”, նրանց մեջ երբեմն նաև կարող մարդիկ են, բայց այդ մարդիկ ոչ մեկին պետք չեն` ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը: Դարձյալ վերադառնոմ ենք նրան, որ մենք ուղղակի քաղաքական համակարգ չունենք, և մեր ամբողջ քաղաքական համակարգը բավական հեշտ տիրապետելի է իշխանության կողմից: Այս իմաստով ես կարծում եմ` 2009-ը ճահճացման վերադարձի շրջան էր:
Մյուս խնդիրը, որն իշխանությունը բավական հաջող կերպով անում էր տարվա ընթացքում, այն է, որ երկրի մնացած խնդիրները ֆինանսատնտեսական ճգնաժամից բխեցնելն է և դրա հետ կապելը: Այսինքն` երկրում ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու ոչ մի գործուն քայլեր չիրականացվեցին` չնայած խոստումներին: Այդ խոստումներն ավարտվեցին Հայաստանի մասշտաբով մի քանի ֆինանսական մագնատների` բյուջեից լրացուցիչ գումար տալով, որ աշխատատեղեր ապահովեն:
-2010-ին ի՞նչ զարգացումներ տեղի կունենան:
-2010-ը արդեն կամրագրի այս վիճակը: Զգայական իմաստով կարող է որոշ խաղաղություն լինել, քանի որ մարդիկ զգալի չափով ընդունում են իրերի առկա վիճակը: Սա շատ կանխատեսելի էր դեռ այն ժամանակ, երբ ասվում էր, որ գնում է ակտիվ նախաձեռնող մասը: Եվ բոլորովին պատահական չէ, որ այս պահին թոշակառուների քանակական թիվը աշխատող մարդկանց թվից ավելի է: Բոլորովին պատահական չէ, որ մեր տարիքային կառուցվածքում զգալի փոփոխություններ են կատավել և բոլոր կանխատեսումներով խորանալու միտում ունեն: Սկսում է գերակշռել հասակավորների, պասիվ մարդկանց թիվը, նվազում է երիտասարդների և առավել ևս էներգիա կրող երիտասարդների թիվը, որովհետև էներգիա կրողը իր երկրից դուրս է գալիս և իր էներգիայի համար ինչ-որ ասպարեզ է գտնում: Երկրում նախաձեռնողական ինտելեկտուալ ընդհանուր “բագաժի” զգալի նվազում կա: Եվ այս ծրագրավորված գործողությունները ձգվում են, ձգվում են՝ մինչև հասնի հոգնության մակարդակը, հասարակության ռեակցիայի բթացման մակարդակը… սրանք բոլորն ի վերջո հանգեցնում են ճահճի խորացմանը:
-Այնուամենայնիվ, 2010-ին վերլուծաբան Անուշ Սեդրակյանը սոցիալական բունտ է կանխատեսում: Դուք ի՞նչ եք կարծում:
-Ես ուրախ կլինեմ, եթե Անուշի կանխատեսումն իրականանա, բայց պետք է ասեմ, որ ես չունեմ այդպիսի կանախատեսում: Հակառակը, կարծում եմ` 2010-ը կլինի սոցիալական պասիվության շարունակականության, ապատիայի և հաշտվողականության տարի:
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
«Լրագիր» 25-12-2009
Sunday, December 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment