Saturday, February 7, 2009

ԱԴԱՆԱՅԻ ՋԱՐԴԻՑ 100 ՏԱՐԻ ՀԵՏՈ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 20-21-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված 1909թ. ապրիլին Օսմանյան կայսրության Ադանայի նահանգում տեղի ունեցած հայկական կոտորածների հարյուրամյա տարելիցին: Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան պատմաբաններ` Հայաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եւ Շվեդիայից: Երեւանում կայանալիք երկօրյա գիտաժողովի շրջանակներում բանախոսները հնարավորություն կունենան ներկայացնելու զեկուցումներ 1909թ. գարնանը տեղի ունեցած հայկական կոտորածների վերաբերյալ` հիմնականում անդրադառնալով կոտորածների դրդապատճառներին, հետեւանքներին, ինչպես նաեւ դրանց միջազգային արձագանքներին: Ադանայի 1909թ. ջարդերի ուսումնասիրությունը վեր է հանում մի շարք կարեւոր հիմնահարցեր` կապված, մասնավորապես, ջարդերի հետաքննության, փոխհատուցման, ջարդերին թուրքական կանոնավոր բանակի մասնակցության եւ այլ խնդիրների հետ: 1909թ.Ադանայի կոտորածները ազդարարեցին հայերի բնաջնջման լայնամասշտաբ քաղաքականության սկիզբը, որը շարունակվեց Առաջին աշխարհամարտի տարիներին ու դրանից հետո: Հայերի դեմ պետականորեն ծրագրված ու իրագործված ցեղասպանական քաղաքականության արդյունքում բնաջնջվեցին մոտ մեկ ու կես միլիոն հայեր: Շուրջ 300 հազար հայ բռնագաղթվեցին իրենց հայրենի բնօրրանից:

No comments: