Thursday, April 2, 2009

ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՆ ԿԼԻՆԻ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Թուրքիան ջանք չի խնայում այցը ծառայեցնելու Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու նպատակին «ԱԶԳ» 02-04-2009- Թուրքիան պատրաստվում է դիմավորել նախագահ Բարաք Օբամային: Նախապատրաստության աշխատանքները մոտենում են ավարտին: Այդ ընթացքում հետզհետե բացահայտվում են ԱՄՆ նախագահի այցի ծրագրի մանրամասները: Մինչ դրանց անդրադառնալը նշենք, որ Անկարան այցը համարում է պատմական, դրա նշանակությունը Թուրքիայի համար կարեւորում է ինչպես թուրք-ամերիկյան հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների առումով, եւ ջանք չի խնայում դա ծառայեցնել Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ում հնարավորինս կանխելու նպատակին: Կհաջողվի՞ դա, ցույց կտա ժամանակը: Բայց որ կանխարգելման Անկարայի հակաքայլերն անարձագանք չեն մնում, ակնհայտ է: Ընդ որում, որքան մոտենում է Օբամայի Թուրքիա այցելության օրը, այնքան նկատելի է դառնում հակաքայլերի ակտիվացումը: Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա «Բարաք Օբամայի այցելությունից հետո Թուրքիայի հայկական սահմանի բացման հավանականության» մասին մարտի 28-ին «Եվրոնյուսի» թուրքական ծառայության ի լուր աշխարհի տարածած կանխագուշակումը Թուրքիայի հակաքայլերին արձագանքելու եվրոպական դրսեւորում էր: Դրան հետեւեց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոն CSIS-ի Թուրքիային վերաբերող զեկուցագիրը, որը մարտի 31-ին, CNN-ի վկայությամբ, Վաշինգտոնում ներկայացրել է կենտրոնի «թուրք-ամերիկյան ռազմավարական նախաձեռնության» համանախագահ Զբիգնեւ Բժեզինսկին, ասելով. «Թուրքիան ԱՄՆ-ի վստահելի դաշնակիցն է, ունի աշխարհաքաղաքական նշանակություն, ձգտում է անդամակցել Եվրոմիությանը, նպաստում է Միջին Արեւելքի կայունությանը, Իսրայելի գործընկերն է, էներգակիրների համար ներկայացնում է այլընտրանքային ճանապարհ, իսկ Միջին Ասիայի հանրապետությունների համար` մոդել»: Թուրքիա այցելության ընթացքում Օբամայի համար «ուղեցույցի նշանակություն ունեցող» զեկուցագիրը ԱՄՆ-ի նախագահի ուշադրությունը հրավիրում է «ցեղասպանության հայկական պնդումների» վրա եւ զգուշացնում. «Եթե նախագահը չփորձի խանգարել ցեղասպանության բանաձեւի անցկացումը Ներկայացուցիչների պալատում, ընդհակառակը աջակցի կամ ինքը արտասանի «ցեղասպանություն» բառը, ապա Թուրքիան դրան կցուցաբերի բուռն հակազդեցություն եւ երկկողմ հարաբերությունների համար կսկսվեն վատթարագույն ժամանակներ: Օբաման փոխարենը պետք է աջակցի Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցմանն ու խրախուսի կողմերին»: Զեկուցագիրը լրացրեց դեմոկրատ 4 կոնգրեսականների միաժամանակյա նամակը Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներին, որտեղ, ինչպես մարտի 31-ին նշել է «Հյուրիեթը», երկու երկրների տարաձայնությունները հաղթահարելու եւ դիվանագիտական հարաբերություններ սկզբնավորելու կոչ է անում կողմերին, ապա եւ ասվում է. «Վերքերն ամոքելու, երկու ժողովուրդների ապագան կերտելու համար անհրաժեշտ է վստահության ու համագործակցության մթնոլորտի ստեղծումը: ԱՄՆ-ի համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առաջնահերթությանը հավատացած, մենք` կոնգրեսականներս պատրաստ ենք նպաստել երկկողմ հարաբերությունների նորմալացման եւ հաջորդ սերունդների համար ավելի լավ ապագա ստեղծելու ձեր ջանքերին: Այս գործընթացը կարող է ցավագին լինել, սակայն մերձեցումը հավերժ կփոխի տարածաշրջանի իրողությունը եւ երկու երկրների առջեւ կբացվեն նոր հորիզոններ»: Եթե CSIS-ի զեկուցագիրը համադրենք կոնգրեսականների նամակի հետ, ապա կստացվի, որ ցեղասպանություն բառն արտասանելու դեպքում նախագահ Օբաման հակասում է ոչ միայն ԱՄՆ շահերին, այլեւ դառնում է երկու ժողովուրդների միջեւ վստահության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորման հակառակորդ, միաժամանակ խաթարում նրանց առջեւ նոր հորիզոնների բացումը: Քանի որ դրա այլընտրանքը այսպես կոչված Հայաստան-Թուրքիա մերձեցումն է, ուստի Օբաման կանգնում է երկընտրանքի առջեւ, իսկ «Եվրոնյուսը» Հայաստանի առջեւ սահմանների բացման Թուրքիայի պատրաստակամության մասին հաղորդագրությամբ կողմնորոշում է ԱՄՆ նախագահին: Համենայնդեպս ապրիլի 5-ի ուշ երեկոյան նախագահ Օբաման կլինի Անկարայում, 6-ի առավոտյան ծաղկեպսակ կդնի Աթաթուրքի դամբարանին, ապա կհանդիպի նախագահ Աբդուլլահ Գյուլին, համատեղ ասուլիսից հետո նա կուղեւորվի Թուրքիայի ազգային մեծ ժողով, որտեղ կհանդիպի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին, այնուհետեւ ելույթ կունենա, որին կհետեւի նրա հանդիպումը վարչապետ Էրդողանի հետ: Նախագահ Օբաման նույն օրը կուղեւորվի Ստամբուլ, իսկ հաջորդ օրը կմասնակցի «Քաղաքակրթությունների դաշինք» նախաձեռնության 2-րդ ֆորումի աշխատանքներին, ապա կընդունի ազգային փոքրամասնությունների` հայ, հույն, հրեա համայնքների հոգեւոր առաջնորդներին, երեկոյան կվերադառնա Վաշինգտոն: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: