
HayInfo 24-4-2009- Երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Բանակցություններից հետո նախագահները պատասխանել են լրագրողների հարցերին: Մեդվեդևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հուսադրող որոշակի առաջխաղացում կա:Այդ մասին գրում է Կապիտալը
«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մենք ճիշտ ուղղություն ենք վերցրել,- ասել է ՌԴ նախագահը:- Իմ շփումները հաստատում են, որ այդ բարդ հիմնախնդիրը լուծելու համար կողմերը պատրաստ են շարժվել կառուցողական ուղղությամբ»:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շնորհակալ է Ռուսաստանին՝ ղարաբաղյան հարցի լուծման գործում ներդրած ավանդի համար: «Ես շնորհակալ եմ Ռուսաստանին և անձամբ Ձեզ՝ [Մեդվեդևին] ղարաբաղյան խնդրի լուծման գործում անգնահատելի ջանքերի համար և ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի նախագահի այցի արդյունքում Ձեր դիրքորոշումն անփոփոխ է, ամուր, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հիման վրա»,- ասել է Հայաստանի նախագահը:
Անդրադառնալով Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս կայացած հանդիպմանը՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Ես ուրախ եմ, որ Հարավային Կովկասում հայտնվել է ևս մեկ երկիր, որը վստահորեն Ռուսաստանին իր ռազմավարական գործընկերն է համարում: Դա նշանակում է, որ Ռուսաստանի դերը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում մեծանում է»:
Տնտեսական թեմաներին անդրադառնալով՝ ՀՀ նախագահը հայտարարել է, որ Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների մասնակցությամբ նոր ատոմային էլեկտրակայանի շինարարությունը թույլ կտա առաջիկա երեք-չորս տարում ռուսաստանյան ներդրումների ծավալն ավելացնել մինչև $5 մլրդ: Նա հայտնել է, որ Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան կուտակված ներդրումների ծավալն այժմ կազմում է $2,5 մլրդ:
«Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ գրանցված է 1250 ընկերություն»,- ընդգծել է նախագահը: Նա նշել է, որ չնայած ճգնաժամին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է $1,066 մլրդ:
No comments:
Post a Comment