Report.am. 25-12-2009- Հայ –վրացական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան և չեն էլ եղել, կարծում է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, թեև խոստովանում է, որ իր կառավարման տարիներին դրացի երկրներն ավելի սերտ կապ էին պաշտպանում:
Վրաստանի նախկին նախագահ և Խորհրդային միության վերջին արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեն այսօր ապրում է Թբիլիսիի կենտրոնական շրջաններից մեկում ` Կրցանիսիիում: Կառավարական այդ համալիրը կառուցվել է Լավրենտի Բերիայի որոշմամբ: Ստալինի կառավարման տարիներին «Կրցանիսին» Վրաստանի առաջին դեմքերի նստավայրն էր: Սակայն կառավարական տունը, բացառությամբ Շևարդնաձեի նստավայրի, վաճառվեց, երբ իշխանության եկավ այս երկրի ներկա նախագահը` Միխեիլ Սաակաշվիլին: Այս առանձնատանը երկրի նախկին նախագահն ապրում է մենակ, եթե, իհարկե, չհաշվենք թիկնապահներին և տան աշխատողներին: Աշխատասենյակում, որտեղ կայացավ զրույցս խորհրդային ամենաաինքնատիպ քաղաքական գործիչներից մեկի հետ, հյուրընկալվել են տարբեր երկրներից տասնյակ լրագրողներ: Պատերին լուսանկարներ են, որոնցում Շևարդնաձեն աշխարհի հզորների հետ է, այստեղ կան նախագահներ, քաղաքական, հասարակական և արվեստի հանրահայատ գործիչներ: Աշխատասենյակ չէ, այլ թանգարան, պատմության թանգարան:
«Վարդերի հեղափոխությունից» անցել է 6 տարի. խորհրդային և անկախ Վրաստանի ղեկավարն իր կյանքի ամենադժվար որոշումը համարում է իր հրաժարականը. «Այլ ելք չունեի. կամ էլ ես պետք է արյուն թափեի, ինչը համարում եմ անթույլատրելի…Երբ երիտասարդ մարդիկ ներխուժեցին խորհրդարան, ինձ թիկնապահներս ուղեկցեցին բակ: Այնտեղ հավաքված իմ կողմնակիցները ասացին, որ Դուք պետք է դիմանաք, վաղը այստեղ կլինի հարյուր հազար մարդ, բայց ես հրաժարական տվեցի. և մինչ այսօր ես դա համարում եմ իմ կյանքի ամենադժվար , բայց և ամենաճիշտ որոշումը. ես չգնացի արյունահեղության»: Իր պաշտոնաթողությունից արդեն վեց տարի է անցել, ըստ նախկին նախագահի, սակայն, Վրաստանում ոչինչ չի փոխվել, թերևս միայն մի բնագավառում: «Առաջինը կարող եմ ասել կոռուպցիայի դեմ պայքարը. շոշափելի արդյունքեր կան: Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին, չեմ կարող ասել, որ շատ բան է փոխվել. ժողովուրդը քաղցած է, գործազուրկ, թոշակները ցածր են. մարդն իր աշխատավարձով կամ թոշակով չի կարողանում պահել իր ընտանիքը, այնպես որ Վրաստանն ընդհանուր առմամբ դժվար իրավիճակում է: Ես գիտեմ, որ Հայաստանում ևս ոչ այնքան «ուրախ տրամադրություն» է»:
Զրույցը շարունակվեց Հայաստան-Վրաստան հարաբերությունների շուրջ: Շևարդնաձեն կարծում է, որ իր նախագահության տարիներին երկու երկրների միջև հարաբերություններն առանձնահատուկ ջերմ էին, բարիդրացիական ու եղբայրական: Այդ մասին են վկայում նաև պատերի լուսանկարները: «Ահա այս նկարում Ալիևն է, Շևարդնաձեն, Դեմիրճյանը. Դեմիրճյանին հետո սպանեցին: Մենք մոտ ընկերներ էինք: Ես համոզված եմ, եթե նա կենդանի լիներ, հնարավոր է՝ Ղարաբաղյան հարցը լուծված լիներ. այնչափ մոտ էին մեր հարաբերություններն ու փոխըմբռնումը»:
Վրաստանի նախկին նախագահը կարծում է, որ դրացի երկրների հարաբերություններն այսօր էլ նորմալ են, այդուհանդերձ ավելի սերտ էին իր կառավարման տարիներին: «Ամիսը մեկ-երկու անգամ որպես կանոն հանդիպում էինք` Ալիև-Դեմիրճյան-Շևարդնաձե , իսկ այդ հանդիպումները օգնում են մարդկանց ավելի մերձենալ»,- ասում է Շևարդնաձեն.
«Քոչարյանի հետ ևս լավ հարաբերություններ ունեմ: Նա և Սաակաշվիլին եղել են իմ մոտ. Հայաստանի բոլոր նախագահների հետ ես միշտ ունեցել եմ ամենաբարի ու եղբայրական հարաբերությունները. ես չեմ փոխվում»:
Ըստ նախկին նախագահի, Վրաստանում ևս հայերին լավ են վերաբերում: Ճիշտ է, վեճեր կան այստեղ եկեղեցիների հետ կապված, բայց դա, ըստ նրա, մասնագետների գործն է. ասում է` «թող վիճեն»:
«Ճիշտ է հարյուր տարի առաջ եղել է պատերազմ և այլն, բայց այդ ամենը մենք հաղթահարել ենք. ինչ-որ խնդիրներ են առաջանում կապված Ջավախեթիի հետ, բայց դրանք ցանկության դեպքում լուծելի են»,- վստահեցրեց Վրաստանի նախկին նախագահը` հավելելով. «Վրաստանի ու Հայաստանի միջև անլուծելի խնդիրներ չեն եղել և հիմա էլ չկան»:
Եվ վերջում` բարեմաղթանքներ Էդուարդ Շեվարդնաձեից:
«Իմ ամենաբարի ցանկությունները հայ ժողովրդին, թող ձեր երկիրը ծաղկի»:
ԳԻՏԱ ԷԼԻԲԵԿՅԱՆ
Թբիլիսի
Sunday, December 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment