Panorama.amղ 7-7-2010- Ըստ «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական կայքի` թուրքական «Միլլիյեթ» (Millyet) օրաթերթն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի երևանյան այցելությանը: Վերլուծաբան Սամի Քոհենը հետաքրքրական մի նկատառում է անում այն մասին, որ «շատ թեժ» խնդիրներով շրջապատված թուրքական արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը «սառնարան է դրված»:
Մինչդեռ թուրքական մամուլը հեղեղված է Քլինթոնի` Հայոց ցեղասպանության թանգարան կատարած այցի նկարներով ու նյութերով: Քոհենը հիշեցնում է, որ անցած տարի ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց շնորհիվ կարող էին հիմնվել դիվանագիտական հարաբերությունները, բացվեր սահմանը, մշակվեին պատմական խնդիրների շուրջ երկխոսության մեխանիզմներ: Բայց, ինչպես գրում է «Milliyet»-ը, Անկարան, տուրք տալով Բաքվի հակազդեցություններին և պայման դնելով ղարաբաղյան խնդրի լուծումը, փաստորեն ճանապարհ հարթեց արձանագրությունների սառեցման համար:
«Առաջին հայացքից թվում է` Թուրքիային դրանից ի°նչ վնաս որ: Ներկայումս` ոչ մի: Բայց անկեղծ ասած Վաշինգտոնից վատ ազդակներ են գալիս: Առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսում նորից կքննարկվի Հայոց ցեղասպանության բանաձևը: Անցած ապրիլ երևան եկած վտանգն այս անգամ առավել լուրջ կարող է լինել»,- գրում է թուրք վերլուծաբանը` այդ տագնապը հիմնավորելով երկու պատճառով:
1. Հրեական լոբբին Թուրքիայի վրա բարկացած լինելու պատճառով կարող է համալրել հայերի կողմնակիցների շարքերը:
2. ԱՄՆ-ն առաջիկա նոյեմբերին պատրաստվում է Կոնգրեսի ընտրություններին:
Հոդվածագիրն այդ իմաստով պատահական չի համարում Հիլարի Քլինթոնի` Երևանում հնչեցրած խոսքերն այն մասին, որ գովելի են արձանագրությունները կյանքի կոչելու հարցում Հայաստանի գործադրած ջանքերը, «գնդակը» Թուրքիայի «դաշտում է» և գործելու նրա ժամանակն է եկել: Սամի Քոհենը նշում է, որ Քլինթոնի` Թուրքիային ուղղված երկրորդ «մեսիջը» Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունն էր: Ընդգծվում է այն հանգամանքը, որ թեև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել, թե այդ այցը մասնավոր բնույթի է, բայց ծաղկեպսակի վրա գրված է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար: Քոհենի մեկնաբանմամբ` այդ կերպ ամերիկյան դիվանագիտությունը ցանկացել է ոչ չտագնապեցնելով ադրբեջանաթուրքական ճակատին որոշակիապես գոհացնել Հայաստանին ու ամերիկահայությանը:
Եզրափակելով իր հոդվածը` «Milliyet»-ի վերլուծաբանը նշում է, որ Ղարաբաղի հարցի լուծման լույսը դեռևս հորիզոնում չի երևում ու քանի որ Անկարան Հայաստանի հետ կարգավորման գործընթացը պայմանավորում է Ղարաբաղով, նշանակում է հավանաբար դեռ երկար ժամանակ սառեցված կմնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը:
Thursday, July 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment