![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjn8CSURTNkm3NVXRy2fMfbHIasLooeI43FaNZdYkgjAdKAzkAwEjZrOfHuhC233s_-lBAgg8thgrBNHUBpiHAea5K1o9fleZzno2aqmrdpkia5tG1ocUsDtksngqPFF8iEniYYNCR4nHqM/s200/Nalbandian.babajan.Web)
Lragir 3-4-2009- Համաշխարհային ԶԼՄ-ները, հղում անելով "սեփական աղբյուրների" տեղեկատվությանը, արդեն մեկ ամիս նյութեր են հրապարակում, որոնք ազդարարում են հայ-թուրքական սահմանի մոտալուտ ապաշրջափակումը: Հայաստանը եւ Թուրքիան կարող են շուտով հայտարարել սահմանի բացման եւ հարաբերությունների հաստատման պայմանավորվածության մասին, գրում է Wall Street Journal թերթը: Նման հաղորդագրություններ են եղել նաեւ այլ հայտնի թերթերում, կարծես ինչ որ մեկը որոշել է տեղեկատվական նախապատրաստություն անցկացնել այդ իրադարձության համար:
Ի տարբերություն համաշխարհային մամուլի, Հայաստանում բավական զուսպ են վերաբերում այդ հեռանկարին: Արտաքին գործերի նախարարությունը հերքում է արդեն համաձայնեցված պայմանների մասին տեղեկությունները: "Թուրքական եւ հայկական կառավարությունները համաձայնեցրել են պայմանները երեք ուղղությամբ բանակցություններ սկսելու համար՝ սահմանների բացում եւ "ամրագրում", դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ վիճելի հարցերը քննարկելու համար հանձնաժողովների ստեղծում, ներառյալ երկու ժողովուրդների պատմության հետ կապված հարցերը", գրում է Wall Street Journal-ը, հայ-թուրքական համաձայնագրի ստորագրման ամսաթիվ նշելով ապրիլի 16-ը:
Հայաստանի ԱԳՆ հերքում է, թե համաձայնել է պատմական հանձնաժողովի ստեղծմանը: Ընդ որում, չի հերքվում, որ "համաձայնեցրել են սահմանների բացման եւ "ամրագրման" պայմանները", ինչպես գրում է թերթը: Եթե այս պայմանները համաձայնեցված են, դա նշանակում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հիմնական խնդիրը լուծված է, քանի որ մնացյալ ամեն ինչ ոչ թե նյութական, այլ հոգեւոր ոլորտից է: Եթե մի կողմ դնենք ցեղասպանության զոհերի ժառանգներին բարոյական վնասի հատուցումը, որ նրանք կստանան ԱՄՆ եւ Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու դեպքում, ապա այլ բան չի մնա: Չէ որ գաղտնիք չէ, որ մինչ այժմ հայկական հարցը Թուրքիայի համար գործոն էր այնքանով, որքանով այն ենթադրում էր տարածքային պահանջներ Հայաստանի կողմից: Կամ նրանց համար, ովքեր կկարողանային խաղարկել Հայաստանը: Եւ եթե այդ հարցն արդեն համաձայնեցված է, եւ Հայաստանը համաձայն է սահմանների ամրագրմանը ներկայիս տեսքով, դա նշանակում է, որ Թուրքիայի եւ հայաստանի միջեւ չկան նյութական խնդիրներ:
Ինչ վերաբերում է բարոյական-հոգեւոր հատուցմանը, Օբաման կարող է անձամբ հայերին ըմբռնման եւ կարեկցանքի խոսքեր ասել: Դա կարող է անել նույնիսկ թուրքական ղեկավարությունը, որը հասկանում է, որ դրա համար ստիպված չի լինելու վճարել: Հայերը կհանգստանան, եւ հայկական հարցը լիովին կդադարի քաղաքական գործոն լինել:
Ընդ որում, քանի որ Հայաստանը չունի շատ քաղաքական փաստարկներ, կարելի է արձանագրել Հայաստանի դիրքերի արմատական թուլացում, որն արդեն հնարավոր չի լինի ինչ որ բանով քողարկել, եթե նրան սկսեն կրկին ստիպել հրաժարվել Ղարաբաղից:
ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ
No comments:
Post a Comment