Saturday, April 25, 2009

Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի համաշխարհային մակարդակով և անգամ Թուրքիայի կողմից. սփյուռքի նախարար

HayInfo. 24-4-2009- Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի համաշխարհային մակարդակով և անգամ Թուրքիայի կողմից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո։ «Ապրիլը ոչ միայն մահվան, այլև վերածննդի ամիս է, և այսօրվա դրությամբ աշխարհի բոլոր երկրների հայկական համայնքները հարգում են Ցեղասպանության բազմաթիվ զոհերի հիշատակը՝ համոզված լինելով, որ արդարությունը կհաղթանակի», - ասաց նա։ Ողջ աշխարհի հայությունը 2009 թ. ապրիլի 24-ին՝ ուրբաթ, նշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը։ Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանից, Հայաստանի մարզերից և արտերկրից հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ ոգեկոչելով Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. բոլոր զոհվածներին։ Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

No comments: