Wednesday, May 6, 2009

Փաստահավաք խմբի 3 անդամները դադարեցրել են իրենց աշխատանքը

Tert.am. 5-5-2009- Անցած տարվա մարտի 1–ի դեպքերն ուսումնասիրելու համար նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված Փաստահավաք խմբի երեք անդամները՝Վահե Ստեփանյանը, Ռոբերտ Ավագյանը և Գևորգ Թովմասյանը, ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքը Փաստահավաք խմբում։ Այս մասին այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ու «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ովքեր դեպքի առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։«Մենք մտահոգված ենք նման զարգացումով և լուրջ հիմքեր ունենք հայտարարելու, որ այդ քայլը կատարվել է իշխանության ճնշման ներքո։ Մեր այս համոզմունքը հատկապես խորացնում է այն հանգամանքը, որ Փաստահավաք խմբի վերոհիշյալ անդամները նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ Փաստահավաք խումբ իր ուսումնասիրությունների առաջին արդյունքը՝ Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքներին վերաբերվող նյութերն ուղարկեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով և դրանք հրապարակվեցին մամուլում»,- նշել են ընդդիմադիր գործիչներն ու ավելացրել, որ մարտյան դեպքերի ուսումնասիրման գործընթացի դադարեցումը խիստ անընդունելի է։ Լևոն Զուրաբյանը նշել է, որ Փաստահավաք խմբի իշխանական երկու և Մարդու իրավունքների պաշտպանի մեկ ներկայացուցիչներն իրենց քայլի համար որևէ ծանրակշիռ հիմնավորում չեն ներկայացրել։ «Մենք դե ֆակտո գործ ունենք Փաստահավաք խմբի աշխատանքների կասեցման հետ»,- նկատել է նա։ Ստեփան Սաֆարյանն իր հերթին նշել է, որ Փաստահավաք խմբի կանոնադրությունը չի նախատեսում ժամանակավոր դադար, արձակուրդ կամ նման այլ հասկացություններ, ուստի դա կանոնադրության խախտում է։ Պատգամավորը նշել է, որ իրենց կուսակցության խորհրդարանական խմբակցություննը սկսել է ԱԺ ղեկավարությունից մեկնաբանություն պահանջել դեպքի առիթով։

No comments: